Ամենաոճային հայտնի հայուհիներն ըստ դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանի (ֆոտո)

14:05   30 մայիսի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է մասնագետների օգնությամբ «քննել» հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: Այսօրվա մեր զրուցակիցը դիզայներ, ոճաբան Թերեզա Ղարաբաղցյանն է, որին խնդրել ենք նշել, թե ովքեր են իր կարծիքով ճանաչված հայուհիներից ամենաոճայինները: Թերեզան առաննացրել է 5 հայտնի հայուհիների, նաեւ մեկնաբանել իր ընտրությունը:

Զրույցի սկզբում դիզայները նշեց. «Միշտ խուսափում եմ անձնավորված գնահատականներ տալուց եւ հարցին ի պատասխան պարզապես կառանձնացնեմ իմ կարծիքով ոճայիններից 5-ին»:

Այսպիսով ներկայացնում ենք դիզայների հնգյակն ու նրա մեկնաբանությունները.

Լուսինե Թովմասյան

Մեր գեղեցկուհիներից, նաեւ մոդել,  հաղորդավարուհի և դերասանաուհի, ով ինձ համար աչքի է ընկնում իր նրբաճաշակությամբ: Նկատում եմ, որ նա մինիմալիստական լուծումներով կարողանում է հրաշալի ոճային կերպարներ ստանալ: Իր դեպքում գիտե՞ք ինչն է հետաքրքիր, այն, որ նույնիսկ սպորտային հագուստով նա էլեգանտ տեսք է ունենում: Սա հավանաբար այն դեպքն է, երբ ոչ թե հագուստն է որոշում տեսքը, այլ կրողն է որոշում՝ ինչպես ներկայացնել այն:

Նազենի Հովհաննիսյան

Նազենին այն վառ կերպարներից է, ով վստահաբար այս կամ այն կերպ արժանանում է շատերի ուշադրությանը: Հաճախ հիանում եմ, երբեմն նաեւ զարմանում, թե, օրինակ, ինչպես է նա հաջողացնում  մեկ կերպարում համադրել  մեծ քանակությաբ զարդերն ու աքսեսուարները: Եվ Նազենիի դեպքում արդեն ինձ հետաքրքիր է նրա կողմից տրվող մաքսիմալստական լուծումները՝ թե գունային, թե ձեւվածքների եւ թե համադրությունների առումով: Կարծում եմ՝ նա կարողանում է ստանալ կերպար, որտեղ «համադրված է» եւ ազատությունը, եւ համարձակությունը, եւ կանացիությունը, եւ նորաձևությունը, եւ իրեն շատ հատուկ ինքնավստահությունը, որով մի տեսակ ամբողջանում է Նազենիի ոճը:

Սրբուհի Սարգսյան

Մեր երգչուհիներից, ով վերջերս հրաշալի կերպով ներկայացավ նաեւ Ուկրաինայի «Ձայնը» նախագծում: Ինչու եմ առանձնացնում Սրբուհուն, որովհետև ինձ համար նրա արտաքինը շատ-շատ հետաքրքիր է, որն էլ նա կարողանում է ընդգծել ռետրո-ռոքային ոճով (նոր տերմին հորինեցի:)) Եվ հատկապես հիմա, երբ, կարծես` նա ոչ միայն գտել, այլեւ զարգացրել է իրեն բնորոշ հագ ու կապը՝ որպես հենց իրեն բնորոշ ոճ, որին ես ինչպես տեսաք նոր անուն տվեցի:)

Մարիաննա Քաբաբյան

Բլոգեր, ով կարելի է ասել՝ Հայաստանում նորաձեւության բլոգիգնի հիմնադիրներից է:) Մարիանան իսկապես մեր միջավայրի ոճային ամենաներից է, ով կարողանում է շատ արագ իրեն ու մեր միջավայրին հարմարեցնել նորաձեւության թրենդները եւ դա անել իրեն բնորոշ թեթեւությամբ: Ինչպես ես եմ նկատում, նրա կերպարները, որքան էլ հագեցած լինեն, երբեք «ծանր» չեն լինում: Իսկ դա շատ կարեւոր պահ է, որը քչերին է հաջողվում: Դու կարող ես կրել ամենանորաձեւ, ամենաթրենդային հագուստներն ու աքսեսուարները, սակայն չկարողանաս ստանալ այդքան թեթեւ ու ոճային կերպար: Ի դեպ, սա բլոգերներին հատուկ շնորհք է:)

Թերեզա Մարտիրոսյան

Մոդել, գեղեցկուհի, ով ինչպես ես եմ նկատել, երբեք չի կրում շատ աքսեսուարներ մեկ կերպարում, առանձնապես չի վազում թրենդների հետեւից, բայց ունի իրեն բնորոշ շատ հետաքրքիր ոճ: Կոնկրետ ինչ-որ անվանումով բնորոշել Թերեզայի ոճը դժվար է, բայց ինձ դուր է գալիս, թե նա ինչպես է կարողանում չանցնել սահմանները, երբ կրում է նույնիսկ բաց հագուստ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ հայտնիների Facebook-ի եւ Instagram-ի էջերից



© NEWS.am STYLE