Ամեն ինչ միայն վարդագույն. ո՞վ է աշխարհի «ամենավարդագույն» կինը (ֆոտո)

15:05   5 հունիսի, 2018

54-ամյա Քիթեն Քեյ Սերան մոլորակի «ամենավարդագույն» կինն է. նրա երազներն են, նույնիսկ, վարդագույն…

Ամեն առավոտ նա արթնանում է ժպիտով, ձեռքերը տարածում է իր վարդագույն մահճակալին, իսկ նրա վարդագույն վարսերը փռված են լինում վարդագույն բարձին: Այնուհետեւ նա ողջունում է իր վարդագույն շնիկին եւ վերցնում իր վարդագույն բջջայինը, որը դրված է վարդագույն սեղանի վրա: Արեւը նրա սենյակ է ներթափանցում վարդագույն վարագույրի արանքից եւ Քիթենն իր վարդագույն սենյակում իրեն հիասքանչ է զգում:

54-ամյա կնոջ վարդագույնամանիան սկսվել է 34 տարի առաջ՝ ծննդյան 20-ամյակին: Նա չգիտեր՝ ինչ հագնել ծննդյան խնջույքին եւ մտածեց հագնել վարդագույն տոպը, որը համադրեց վարդագույն շալվարի,  կոշիկների եւ աքսեսուարների հետ:

«Այդ օրը ես ինձ հիասքանչ էի զգում: Ես մտածեցի՝ եթե վարդագույնն ինձ այդքան երջանկացնում է, ինչո՞ւ չկրեմ այն ամեն օր: Այդ օրվանից հետո կապույտ ջինսն ու սպիտակ տոպն ինձ այլեւս չէին երջանկացնում: Այսպիսով, ես վաճառեցի իմ ավտոմեքենան, լքեցի Հյուսթոնն ու տեղափոխվեցի վարդագույն լույսերով հարուստ Հոլիվուդ»,-ասում է կինը՝ հավելելով, որ ինքը «պինգվինների աշխարհում միակ ֆլամինգոն է»:

«Մարդիկ հիմնականում շրջում են մռայլ գույների մեջ: Ոչ մի անհատականություն չեմ տեսնում, եւ դեռ ինձ են ոմանք խենթ համարում»,-ասում է նա:

Կինը խոստովանում է, որ այս տարիների ընթացքում մոտ 1 միլիոն ֆունտ է ծախսել վարդագույն պարագաներ ձեռք բերելու համար, սակայն նաեւ հավելում, որ սովորական պարագաներ ձեռք բերելու դեպքում էլ նույնքան գումար կծախսեր, պարզապես իր կահույքը տարբերվում է վարդագույն երանգով:

Քիթենը նշում է. «Ես մի անսովոր զգացում ունեմ: Այնպիսի տպավորություն է, որ ինչին դիպչում եմ վարդագույն է դառնում»:

Աղբյուրը՝ Mirror.co.uk

Լուսանկարները՝ Քիթեն Քեյ Սերայի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE