«Եթե հայերը տարազ հաճախ կրեին, ես էլ մեծ սիրով դա կանեի». չինացի բլոգերն իր տարազով ֆոտոշարքի ու հայկական խաշի մասին

16:04   6 հունիսի, 2018

Չինացի բլոգեր Մայքլ Հեին Հայաստանում արդեն, գրեթե, բոլորը գիտեն: Հայաստանի ու հայերի հանդեպ նրա սերը նրան բազմիցս բերել է մեր հայրենիք, որտեղ նա ակտիվորեն տեսանյութեր է նկարահանում եւ իր հետեւորդներին պատմում մեր երկրի գեղեցկության ու արժանիքների մասին:

Մայքլը կրկին Հայաստանում է: Այս անգամ նա հատուկ նպատակով է այստեղ, ինչի մասին պատմել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ մեզ է տրամադրել իր նոր ֆոտոշարքը՝ հայկական տարազով, որն իրականացրել է Մարաշլեան ֆոտո ատելիեի հետ:

«Այս անգամ Հայաստան եմ ժամանել երկու շաբաթով. նպատակս էր այցելել Children of Armenia Fund-ի (Հայաստանի մանուկների հիմնադրամ) Սմարթ կենտրոնի բացմանը, որը տեղի ունեցավ Լոռիում: Դա հրաշալի կենտրոն է, որը դրականորեն կփոխի շատերի կյանքը Հայաստանում: Նաեւ այցելել եմ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտե, եւ մենք աշխատում ենք չինացի տուրիստների Հայաստան այցելության շուրջ»,-ասում է բլոգերը, որն իր ամեն այցելության ժամանակ մի նոր բան է հայտնաբերում Հայաստանի մասին: Այս անգամ նա բացահայտել է հայկական խաշի համը եւ մեզ հետ կիսվել իր տպավորություններով.

«Առաջին անգամ փորձեցի խաշ՝ Արագած լեռան մոտ գտնվող ռեստորաններից մեկում, նաեւ այցելեցի Սեւան՝ կրկին առաջի անգամ: Խաշն ինձ շատ դուր եկավ, իսկ Սեւանա լիճն արդեն իմ ամենասիրելի վայրերից է: Շուտով տեսանյութեր էլ կհրապարակեմ այնտեղից»:

Ինչ վերաբերում է հայկական տարազին՝ այն չինացի բլոգերին շատ է տպավորել. ասում է՝ եթե Հայաստանում մարդիկ այն հաճախ կրեին, ինքն էլ մեծ սիրով այստեղ կշրջեր տարազով.

«Առաջին անգամ էի հագնում հայկական տարազ, եւ դա ինձ համար ամենալավ փորձարկումներից մեկն էր: Այս միտքն ինձ տվեցին Children of Armenia (COAF) ֆոնդի իմ ընկերները: Հայկական տարազը շատ գեղեցիկ է, այն փափուկ ու հարմարավետ էր: Իմ երկրում էլ այն կհագնեմ հատուկ առիթների դեպքում:) Հաջորդ անգամ, երբ գամ Հայաստան, հավանաբար ինձ հետ կլինեն նաեւ մտերիմ ընկերներս եւ հուսով եմ՝ մենք ֆոտոշարք կիրականացնենք հայկական տարազով»:

Մայքլից հետաքրքրվեցինք նաեւ՝ միգուցե Հայաստանում արդեն հասցրե՞լ է սիրահարվել.

«Բոլորն էլ գիտեն, որ հայ աղջիկներն ու հայերն, առհասարակ, աշխարհի ամենագեղեցիկ մարդկանցից են՝ թե ներքուստ, թե արտաքուստ, բայց այստեղ ԴԵՌ չունեմ ընկերուհի:)»,-խոստովանեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE