Բոբ Մարլիի որդին ֆիլմ է նկարահանելու իր հանրահայտ հոր մասին

14:40   8 հունիսի, 2018

Բոբ Մարլին մահացել է 1981թ.-ին, բայց նրա երգերն առ այսօր սիրված են ռեգգիի երկրպագուների շրջանում, եւ նա այդ ոճի անգերազանցելի արքան է համարվում։

Ռեգգի ոճի, ինչպես նաեւ Բոբ Մարլիի երկրպագուների համար ուրախալի նորություն ունենք երգչի որդու՝ Զիգգի Մարլիի կողմից, ով  Paramount Pictures ստուդիայի հետ միասին ֆիլմ է նկարահանելու Բոբ Մարլիի մասին։  Variety-ն հայտնում է, որ   նախագիծը դեռ ոչ ռեժիսոր  ունի, ոչ էլ պրոդյուսերներ։ Անհայտ է նաև, թե ով է կատարելու ռեգգիի առասպելի դերը։ Ֆիլմը պատմելու է Բոբ Մարլիի կյանքի ու կարիերայի մասին, մի երաժշտի, որը ամբողջ աշխարհում տարածել է   ռեգգի ոճը։ Նրա ամենահայտնի կոմպոզիցիաներից են Get Up, Stand Up, Three Little Birds, Buffalo Soldier, Could You be Loved  երգերը։

«Առասպելական Բոբ Մարլին ինձ համար մի ճշմարտություն է բացահայտել, որ ամբողջ աշխարհը մեզ սեր է նվիրում»,- իր համերգների ժամանակ ասել է Զիգգի Մարլին:

Նշենք, որ Զիգգի Մարլին, ինչպես եւ հայրը,   շնորհալի  երաժիշտ է, նաեւ՝ պրոդյուսեր։ Նա ութ «Գրեմմի» և մեկ «Էմմի» մրցանակ է շահել իր  I Love You Too երգի համար, որը գրվել է 3rd& Bird մանկական անիմացիոն սերիալի համար։  

Զիգգին ծնվել է 1968թ.-ին։ Իր սեփական՝ Ziggy Marley and the Melody Makers խումբը նա հիմնել է եղբոր ու երկու քույրերի հետ, երբ ընդամենը 11 տարեկան էր, ձայնագրել է 15 ալբոմ ու հիմնել Ishti Music ձայնագրման ստուդիան ։



© NEWS.am STYLE