POPcorn blog. պորտուգալական խոհանոց

19:05   8 հունիսի, 2018

Ասում են ցանկացած երկիր ճանաչելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել նաեւ այդ երկրի խոհանոցին:

Բնականաբար, առաջին բաներից մեկը, որ փորձեցինք Լիսաբոնում դա ավանդական պորտուգալական խոհանոցն էր: Եթե անկեղծ լինեմ, ապա կասեմ, որ չնայած այն մեծ սիրուն ու հյուրընկալությանը, որ այստեղ հանդիպեցինք, տեղի խոհանոցը հաստատ ինձ համար չէր:

Չնայած նրան որ ես շատ եմ սիրում ձուկ, Պորտուգալիան էլ օվկիանոսի ափին գտնվելով`հարուստ է ծովամթերքով, ձկնատեսակներով, միեւնույնն է, տեղի խոհանոցն ինձ դուր չեկավ: Պատճառը միգուցե պատրաստման ձեւն էր, սակայն ձկով կերակուրներն այստեղ ինձ դուր չեկան: Փոխարենը, որքան էլ տարօրինակ թվա, ես հավանեցի հնդկական կարրին, որ պորտուգալացիները պատրաստում են իրենց ձեւով: Մի քանի ռեստորանում լինելուց հետո, հատսատ կարող եմ նշել, որ ամենահամեղը հենց այդ կարրին էր, որը կարող եք տեսնել տեսանյութում:

Չնայած այստեղ տեղավորել չկարողացա, բայց արդարության համար նշեմ, որ ինձ դուր եկավ նաեւ թունա ձկով սենդիչը, այնպես որ լիսաբոնում լինելու դեպքում անպայման համտեսեք:

Պորտուգալիայում լինելու դեպքում, անպայման համտեսեք նաեւ տեղական քաղցրավենիքը՝ Պաշտել դե նատան: Սա շերտավոր խմորով պատրաստված զամբյուղիկ է՝ լցոնված հատուկ բաղադրատոմսով պատրաստված կրեմով:

Ինձ անձամբ այն այնքան էլ դուր չեկավ, քանի որ ես շերտավոր խմոր չեմ սիրում, սակայն բոլորն այն շատ էին հավանում: Եթե ծանոթ եք Պորտուգալական խոհանոցին, ուրախ կլինեմ կարդալ Ձեր կարիքը մեկնաբանություններում:



© NEWS.am STYLE