Անի Երանյանն այն մասին, թե ինչ տվեց իրեն «Գեներալի աղջիկը» սերիալը. NEWS.am STYLE-ի հարցազրույցը

19:13   18 մայիսի, 2013

Հայ դերասանուհի Անի Երանյանը հեռուստատեսության ոլորտում նորեկ չէ: Սակայն նրան իրական փառք բերեց «Գեներալի աղջիկը» սերիալում դերը: Նկարահանումներից ստացած տպավորությունների, ծրագրերի եւ շրջապատի մարդկանց մասին դերասանուհին պատմեց NEWS.am STYLE-ի թղթակցին:

Պատմեք Ձեր դերերի եւ շոու-բիզնեսում առաջին քայլերի մասին:

Առաջին մուտքս հեռուստասերիալներում եղել է «Զգուշացեք փողից» կարճամետրաժ հեռուստանովելը՝ Դավիթ Բաբախանյանի առաջարկով: Դրանից հետո առաջարկ ստացա նկարահանվել նաեւ «Աննա» սերիալում, որտեղ մարմնավորեցի Անիի կերպարը: Այն երկարատեւ կյանքի համար նախատեսված չէր: Սակայն, ի ուրախություն ինձ, հենց այս կերպարը դարձավ առաջնային դերերիցս մեկը: Այնուհետեւ շարունակվեց «Աննա 2»-ը: Հեռուստասերիալին զուգահեռ, ես նկարահանվեցի «Պահանջվում է միլիոնատեր» գեղարվեստական ֆիլմում, հետո արդեն ինձ հրավիրեցին նկարահանվել հայտնի «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում: Այդ նկարահանումների ժամանակ ես հանդիպեցի մարդկանց, ում հետ արդեն աշխատել էի: Նրանց բոլորին շատ սիրում եւ կարոտում եմ: 2013-ին մուտք գործեցինք «Չիկագո-Ծաղկաձոր տարանցում» կատակերգությամբ, որտեղ իմ հերոսուհու անունը Սրբուհի էր: Ցանկանում եմ նաեւ նշել, որ 2010 թվականից Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ վարում էի «Թոփ 10» հաղորդումը:

Վերջերս ավարտվեց շատերի կողմից սիրված «Գեներալիաղջիկը» սերիալը, որտեղ Դուք հանդես էիք գալիս գլխավոր դերում: Պատմեք Ձեր հետագա ծրագրերի մասին:

Ցավոք, որ այն ավարտվեց: Իհարկե՝ համամիտ եմ, որ շատ սիրվեց բոլորի կողմից: Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը եւ այն մարդիկ, ում հետ ես 5 տարի աշխատել եմ, միշտ որակյալ նախագծեր են ներկայացնում հանդիսատեսին: Իսկ հիմա շարունակում են բարձր վարկանիշ ունեցող «Քույրը» հեռուստասերիալի աշխատանքները: Ինչ վերաբերում է ինձ, ապա դեռեւս հանգստանում եմ: Բայց շատ շուտով սկսվելու են Ելենա Արահակյանի նախագծի շուրջ աշխատանքները, եւ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա ինձ տեսնել հեռուստաէկրանին:

Ի՞նչ տպավորություններ ստացաք «Գեներալի աղջիկը»սերիալի նկարահանումներից:

Ես բազմիցս նշել եմ, որ հեռուստասերիալներն ինձ, որպես դերասան,  մասնագիտությանս մեջ հմտանալու մի ամբողջ փորձ տվեցին: Դրանք ինձ ճանաչում բերեցին, եւ ես չեմ ամաչում այդ մասին խոսել: Կարծում եմ՝ ցանկացած մարդ ուզում է հայտնի լինել իր մասնագիտական ասպարեզում: Նաեւ հնարավորություն տվեցին շփվել տարբեր հետաքրքիր մարդկանց հետ: Եվ, իհարկե, օգնեցին հաստատվել հեռուստատեսությունում: Այժմ ինձ շրջապատում են այն մարդիկ, ում սիրում եմ: Եվ նույնիսկ հիմա, երբ արդեն միասին չենք աշխատում, ամեն դեպքում փորձում ենք չկորցնել կապը: Ինչ վերաբերում  է «Գեներալի աղջիկը» սերիալին, ապա հենց այստեղ ես գտա այնպիսի հրաշալի ընկերների, ինչպիսիք են Արմեն եւ Աննա Էլբակյանները:

Հիմա Հայաստանում չեք: Պատմեք, որտե՞ղ եք, ինչո՞վ եք զբաղվում եւ ե՞րբ եք պատրաստվում Հայրենիք վերադառնալ:

Հիմա Մոսկվայում եմ: Գործերով եմ եկել: Հուսով եմ՝ շատ շուտով կավարտեմ բոլոր գործերս եւ կվերադառնամ ամենասիրելի եւ ամենավառ քաղաքը՝ Երեւան:

Եվա Մակվեցյան



© NEWS.am STYLE