Ճանապարհորդի գրառումները. Բարսելոնա

22:08   17 մայիսի, 2013

Իսպանիան աշխարհի ամենավառ երկրներից է: Հենց նա է Կորիդայի, հիասքանչ Ֆլամենկո պարերի հայրենիքը, այնպիսի մեծագույն նկարիչների երկիրը, ինչպիսիք են Վելասկեսը, Գոյան, Դալին… Իսկ Բարսելոնան քաղաք է, որը լավագույն կերպով արտացոլում է իսպանական կյանքն ու մշակույթը: Ժամանելով այստեղ՝ ցանկանում ես հաճախել առաջարկվող բոլոր էքսկուրսիաները, զգալ յուրահատուկ հարավեվրոպական կյանքի ռիթմը եւ պարզապես պառկել լողափին, արեւահարվել, լողալ Միջերկրական ծովում: Բայց որպեսզի հանգիստը դառնա հետաքրքիր եւ հաճելի, հարկավոր է այդ մասին նախապես մտածել եւ անպայման սկսել բնակության վայրից:

Հյուրանոցները

Եթե ցանկանում եք վայելել Բարսելոնայի տեսարանները, այցելել հնարավոր բոլոր տեսարժան վայրերը եւ լրջորեն զբաղվել գնումներով, ուրեմն ավելի հարմար է հյուրանոց ընտրել հենց Բարսելոնայում: Բայց մարդկանց մեծ մասն ամեն դեպքում Իսպանիա է գնում ծովի ափին հանգստանալու: Այդ դեպքում, NEWS.am STYLE-ն առաջարկում է հանգստյան գոտիներից մեկում տեղակայված հյուրանոց ընտրել. ամենից հայտնիները, որ Բարսելոնայից հեռու չեն, Կոստա Դորադա/Դաուրադան եւ Կոստա Բրավան են: Կոստա Դորադայի եւ Կոստա Բրավայի բոլոր հյուրանոցները Բարսելոնայից 80-110 կմ հեռավորությամբ են: Հյուրանոցների մեծ մասը 2 եւ 3 աստղանի են: 4 եւ 5 աստղանի հյուրանոցներն Իսպանիայում համեմատաբար քիչ են. այդպիսիք են 6 հյուրանոցից մեկը միայն: Ոչ մի հյուրանոց սեփական լողափը չունի, բոլորը քաղաքային են: Պատրաստ եղեք այդ բանին, որ կարող է ծով հասնելու համար 10-20 րոպե պահանջվել: Հյուրանոցների, հատկապես՝ 2 եւ 3 աստղանի, մեծ մասի տարածքը շատ փոքր է, որտեղ տեղավորված է միայն ոչ մեծ լողավազան, անիմացիոն ծրագրերի հրապարակ եւ մի քանի սեղանից բաղկացած «բացօթյա սրճարան»:

Հյուրանոցներն իրար բավական մոտ են տեղակայված, դրանց կողքին կան բազմաթիվ սրճարաններ, բարեր, խանութներ: Հյուրանոցներից ոչ հեռու ավտոբուսի կանգառներ կան, օրական մի քանի անգամ Բարսելոնայից ավտոբուսներ են երթեւեկում, տոմսի արժեքը շուրջ 2 դոլար է: Յուրաքանչյուր կանգառում հատուկ համազգեստով աղջիկ է կանգնած, ով կարող է ձեզ տալ ավտոբուսների ժամանակացույցը, պատասխանել տրանսպորտին վերաբերող ձեր բոլոր հարցերին:

Առաջինը, որ կցանկանայի խորհուրդ տալ, էքսկուրսիաները հերթափոխել լողափում եւ հյուրանոցում հանգստի հետ, քանի որ էքսկուրսիաների մեծ մասն ավարտվում է բավական ուշ, եւ հյուրանոց եք վերադառնում գիշերը 12-ից հետո. հաջորդ օրն արդեն ակտիվ հանգիստ չեք ցանկանում:

Եվ երկրորդ՝ հյուրանոցի ուղեկցորդից էքսկուրսիա գնելը բավական թանկ է, այն կարելի է պատվիրել կանգառի նույն աղջկանից. անհամեմատ էժան կստացվի:

Կորիդա

Առաջին բանը, որ շատերի մոտ ասոցացվում է Իսպանիայի հետ, կորիդան է: Իսպանացիների համար կորիդան ամենից սիրելի տեսարաններից է: Բայց թույլ նյարդային համակարգով կամ տպավորվող մարդկանց պետք չէ պատվիրել այս էքսկուրսիան: Այնտեղ չեն թողնում նաեւ մինչեւ 14 տարեկան երեխաներին:

Կորիդան մարդու եւ հատուկ դրա համար մեծացրած ցուլի մենամարտն է: Ավանդաբար այն անցկացվում է կլոր ամֆիթատրոնում, հսկայական քանակությամբ հանդիսատեսի ներկայությամբ: Ամբողջ «ներկայացումը» տեւում է շուրջ 2 ժամ: Բայց մատադորը՝ ցլամարտիկը, ցուլի հետ պայքարում է ոչ միայնակ, ինչպես կարելի է ենթադրել: Նախ պիկադորները կենդանուն կատաղեցնում են նիզակի ծակոցներով, իսկ տորեադորն այդ ժամանակ ցուլին ավելի է գազազեցնում՝ տարուբերելով կապան (լայն թիկնոց): Հետո, երբ ցուլը հարձակվում է տորեադորի վրա, բանդերիլյերոն ցուլի կողը երկու բանդերիլյի է խրում (եռաժանու նման առարկա): Վերջին գործողությունը ցուլի հետ ցլամարտիկի պայքարն է: Ներկայացման ավարտին ցլամարտիկին հասնում է ցուլի մեկ կամ երկու ականջը՝ կախված տեսածից հանդիսատեսի հիացմունքի աստիճանից:

Տորեադորներն ու մատադորները կորիդային մասնակցելու համար սկսում են սովորել 10, բեմում պայքարելու են դուրս գալիս՝ 18-20 տարեկանից: Թոշակի են անցնում բավական վաղ, շուրջ 40 տարեկանում: Բայց այդ ընթացքում նրանք բավական լավ են վաստակում. լավ համբավ ունեցող մատադորը մեկ ներկայացման համար շուրջ 100 հազար դոլար է ստանում:

Բարսելոնայի կորիդան անցկացվում է Plaza de Toros-ում: Էքսկուրսիայի արժեքը շուրջ 45 դոլար է:

Կորիդան, անխոս, տպավորում է հանդիսատեսին, բայց դա բավական դաժան տեսարան է, այդ պատճառով NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս նախապես մտածել, իսկապե՞ս ցանկանում եք այդ ամենը տեսնել սեփական աչքերով:

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE