Ճանապարհորդի գրառումները. ասպետական մրցաշար

21:48   18 մայիսի, 2013

Ասպետական մրցաշարն Իսպանիայի ամենից հետաքրքիր էքսկուրսիաներից է: Հենց այստեղ եք կարող մխրճվել միջնադարյան մթնոլորտի մեջ. թափառել անդունդով շրջապատված ամրոցում, ընթրել «միջնադարյան» ուտելիքներով եւ, բնականաբար, դիտել մրցող ասպետներին:

Ձեզ ավտոբուսով բերում են մինչեւ ամրոց: Մարդիկ շատ են, մի քանի տասնյակ ավտոբուս: Եթե կազմակերպված խումբ լինի, ձեր բախտը կբերի. արագ կհավաքվեք եւ տեղ կհասնեք առաջինների թվում, կարող եք զբաղեցնել առաջին շարքի լավագույն տեղերը: Իրադարձությունները տեղի են ունենում ամրոցի ներսում, փակ բեմում, որի շուրջ ամֆիթատրոնի ձեւով հանդիսատեսի տեղերն են. երկար նստարաններ, որոնց առջեւ սեղաններ կան:

Հանդիսատեսը բաժանված է 4 հատվածի (կարմիր, դեղին, կապույտ եւ կանաչ), եւ յուրաքանչյուր հատվածը երկրպագում է իր ասպետին: Այս ամենն իսկապես գրավում է, չնայած հասկանում ես, որ շոու է, շատ որակյալ զգեստավորված ներկայացում, իսկ ասպետները, թերեւս, նախապես պայմանավորվել են, թե ով է «հաղթելու»: Բայց, միեւնույն է, ձայնդ կտրվելու չափ գոռում ես՝ խրախուսելով քո ասպետին: Մրցաշարի ժամանակ ասպետները ջիգիթության, սրամարտի, նիզակամարտի եւ, եթե շատ տաքանան, նույնիսկ ձեռնամարտի հրաշալի պատրաստվածություն են ցուցադրում:

Էքսկուրսիայից առաջ պետք չէ ճաշել. հենց որ տարածքը լցվում է մարդկանցով, միջնադարյան հագուստներով մատուցողներն ընթրիք են մատուցում. յուրաքանչյուրին՝ կես հավ, հաց, կարմիր գինի (ինչպես նաեւ հանքային ջուր եւ հյութեր՝ ալկոհոլ չօգտագործողների համար): Ի դեպ, ինչպես միջնադարում, ընթրիքը ստիպված կլինեք ուտել առանց դանակ-պատառաքաղի:

Մրցելուց եւ որեւէ ասպետի հաղթանակից հետո դուք շուրջ մեկ ժամ կարող եք թափառել ամրոցում, լուսանկարվել, փողոցում տեղադրված սեղանների շուրջ նստել կամ պարել (փողոցում դիսկոտեկ է կազմակերպվում): Դրանից հետո ձեզ կառաջարկեն անցնել ամրոցի սրահներից մեկը, որտեղ հնարավորություն կունենաք դիտել իրական իսպանական պարեր՝ ֆլամենկո:

Իսպանական պարերն անհնար է բառերով նկարագրել, NEWS.am STYLE-ը, իհարկե, խորհուրդ է տալիս անպայման այդ սեփական աչքերով տեսնել: Չեք կարողանա ձեր հայացքը հեռացնել ճկուն, բարեկազմ, գեղեցիկ զգեստներով աղջիկներից եւ շքեղ երիտասարդներից, որոնք կրունկների եւ կաստանյետների թակոցներով հիասքանչ կերպով փոխանցում են իսպանական կիրքը:

«Ասպետական մրցաշար» էքսկուրսիան կարելի է համատեղել եւս մեկի՝ «Ակվարիումի» հետ: Այդ դեպքում դուք երկու ժամանոց կանգառ կանեք Բարսելոնայի նավահանգստի՝ Port Vell-ի մոտ, որի կողքին գտնվում են խոշոր առեւտրի կենտրոնը, 3D ֆիլմերի կինոթատրոնը եւ հենց Ակվարիումը:

Ակվարիումը մի քանի մեծ սենյակներից կազմված համալիր է, որոնց պատերի երկայնքով տարատեսակ ձկներով եւ ստորջրյա աշխարհի այլ բնակիչներով ակվարիումներ են շարված: Այնտեղ կա նաեւ բազմամետրանոց միջանցք՝ թափանցիկ պատերով եւ առաստաղով, այսինքն՝ թունել հսկայական ակվարիումի մեջ: Պարզապես աներեւակայելի տեսարան է, երբ անմիջապես քո գլխավերեւում շնաձուկ է լողում:

«Ասպետական մրցաշար» էքսկուրսիան տեւում է 4-8 ժամ (ժամանակը կախված է ձեր հյուրանոցի վայրից), «Ասպետական մրցաշար + Ակվարիում»-ը՝ 6-ից 10 ժամ: Էքսկուրսիաների արժեքը, համապատասխանաբար, շուրջ 40 եւ 50 դոլար է:

Շարունակությունը՝ հաջորդիվ



© NEWS.am STYLE