Չեչնիայի նախարարը Comedy Club-ի ռեզիդենտին հորդորել է ներողություն խնդրել Կադիրովի մասին երգի համար

12:36   13 հունիսի, 2018

Արդեն երկու օր Facebook-ով ու Youtube –ով մեծ հաջողություն ունի Comedy Club-ի ռեզիդենտ Սեմյոն Սլեպակովի տեսահոլովակը (ի դեպ, բավականին լավ տեսահոլովակ է) ՝  Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի  ու այն մասին, որ դրա մարզիչը պետք է դառնա Ռամզան Կադիրովը։

Սակայն, մինչ բլոգոսֆերան ուրախանում է տաղանդավոր Սեմյոնի նոր երգով, Չեչնիայի իշխանություններն այն համարում են «ցածրակարգ» ։

«Մենք բոլորս գիտենք, որ Ռամզան Կադիրովը բազմիցս ապացուցել է, որ ունակ է կատարել բարդ, անիրագործելի թվացող առաջադրանքներ։ Սլեպակովի աղմկահարույց տեսահոլովակի ցածրակարգ խաղում, որը կարծես միայն նրան ու նրա շրջապատին է ծիծաղելի թվացել, իրականում ոչ մի ծիծաղելի բան չկա, ու առավել եւս չկա որեւէ բան, որը կարող է գրավել էսթետների ու պոեզիայի եւ երաժշտության սիրահարների ուշադրությունը»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, տպագրության ու տեղեկատվության հարցերով նախարար Ջամբուլատ Ումարովի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ հեղինակը պետք է զերծ մնար «գռեհկություններից» ու չծաղրեր երկրի հավաքականը առաջնության մեկնարկից անմիջապես առաջ։

Նա նաեւ հայտնել է, որ Սլեպակովը պետք է ներողություն խնդրի հավաքականից ու Կադիրովից։

«Ես իմ կողմից նրան խորհուրդ կտայի ներողություն խնդրել Ռուսաստանի հավաքականից ու Ռամզան Ահմատովիչից։ Նրան ոչ ոք նման իրավունք չէր տվել։ Նրանք որոշել են զվարճացնել հանդիսատեսին, իմ կարծիքով, ոչ այնքան արժանավայել ձևով»,- հայտնել է նա։



© NEWS.am STYLE