10:59 18 մայիսի, 2013«Beer Academy» ակումբն առաջին անգամ չէ, որ իր պատերի ներսում ընդունում է սկսնակ եւ ճանաչված հայ կատարողների: Այս անգամ երաժշտական երեկո անցկացրեցին երիտասարդ, բայց շատ տաղանդավոր երգչուհի Նարինե Դովլաթյանը եւ «118» խումբը:
Ամբողջ երեկո հնչում էր ջազ եւ ֆանկ ոճով երաժշտություն: Երաժշտական քառյակի օգնությամբ՝ Արթուր Մարգարյան (վիբրաֆոն), Արման Փեշտմալջյան (դաշնամուր), Գուրգեն Էբեջյան (բաս կիթառ), Մովսես Էբեջյան (հարվածային գործիքներ), երգչուհին երկրպագուներին հիացրեց ոչ միայն իր, օրինակ՝ Beautiful sunday, At my feet, Cactus, Look into my eyes, այլեւ արտասահմանյան կատարողների երգացանկի երգերով (Դայդոյի, Սթիվի Վանդերի, Սիայի եւ այլք):
Ելույթի սկզբում խոստանալով «զգացմունքները փոխանցել երաժշտության միջոցով»՝ Նարինեն կատարեց այն. երգեց ոգեշնչված եւ զգացմունքային: Շնորհակալ հանդիսատեսն ի պատասխան նրան ժպիտներ ու բուռն ծափահարություններ պարգեւեց: Նույնիսկ երկժամյա ելույթից հետո մեծ դժվարությամբ երգչուհուն բեմից ներքեւ թողեցին: Համերգից հետո Նարինեն զրուցեց երկրպագուների հետ եւ կարողացավ վայելել հերթական հաջողությունը: