Դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է ավելի հաճախ թույլատրել Բրեդ Փիթի հետ երեխաների հանդիպումները

16:10   13 հունիսի, 2018

Այս զույգը կարողանում է նյարդեր քայքայել ։ Խոսքը Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի մասին է։ Չենք զարմանա, եթե ի վերջո նրանք առհասարակ չբաժանվեն։ Ապահարզանն  արդեն երկրորդ տարին է շարունակվում, ու հիմնական տարաձայնությունը ոչ թե փողի շուրջ  է, այլ երեխաների հանդեպ խնամակալության հարցի։  

Եվ ահա Լոս Անջելեսի դատարանը պարտավորեցրել է Անջելինա Ջոլիին ավելի հաճախ թույլատրել Բրեդ Փիթի հետ երեխաների հանդիպումները։ Հակառակ դեպքում, ինչպես հայտնում է Daily Mail-ը, Էնջիին կզրկեն առաջնային խնամակալության իրավունքից։

«Շատ կարևոր է, որ վեց երեխաներից յուրաքանչյուրն ունենա ամուր ու առողջ հարաբերություններ ոչ միայն մոր, այլև հոր հետ»,- հայտնել է դատավորը։

54-ամյա դերասանն ու 43-ամյա դերասանուհին 16-ամյա Մեդոքսի, 14-ամյա Պակսի, 13-ամյա Զախարայի, 12-ամյա Շայլոյի, իննամյա Վիվյենի ու Նոքսի ծնողներն են։

Ամբողջ ամառվա ընթացքում Փիթի ու երեխաների հանդիպումներին և Էնջիի պահվածքին հետևելու են հոգեբանները։

Փիթը նույնպես կմեկնի Լոնդոն, որտեղ Էնջին նկարահանվում է «Մալեֆիսենտա» ֆիլմի երկրորդ մասում։ Դերասանը կկարողանա օրական չորս ժամ անցկացնել երեխաների հետ։

«Կարևոր է, որ Բրեդը կարողանա նրանց զանգահարել ցանկացած պահի, ընդ որում նրանց սեփական հեռախոսահամարներին։ Կարող եմ ենթադրել, որ նախկինում նա փորձել է կապվել երեխաների հետ, բայց Անջելինայի միջոցով։ Իսկ նա կամ չի մոտեցել հեռախոսին, կամ պատասխանել է, ասելով, որ երեխաները իր կողքին չեն, դրա համար էլ դատարանը Փիթին թույլատրել է երեխաների հետ կապվել ոչ թե Ջոլիի միջոցով, այլ անմիջապես նրանց հեռախոսներին զանգահարելով»,- պատմել է ընտանեկան իրավունքի հարցերով փաստաբան Դեւիդ Գլասսը։

Լուսանկարները՝ Getty, Backgrid

 



© NEWS.am STYLE