Պրոֆեսոր Ների Օքսմանը լքել է Բրեդ Փիթին հանուն միլիարդատիրոջ

10:10   14 հունիսի, 2018

Երեկ հայտնի դարձավ, որ դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է ավելի հաճախ թույլատրել Բրեդ Փիթի հետ երեխաների հանդիպումները, ինչի կապակցությամբ մենք դերասանին շնորհավորում ենք։ Սակայն այսօր Page Six-ը գրում է, որ դերասանի անձնական կյանքում խնդիրներ կան (իսկ ո՞ւմ կյանքում դրանք չկան)։ Հիշեցնենք, որ Բրեդը հանդիպում էր 42-ամյա Ների Օքսմանի հետ, որի մասին հայտնի է այն, որ նա ծնվել է Իսրայելում ու ապրում է ԱՄՆ-ում։

Ներին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, ճարտարապետ, որի աշխատանքները ներկայացված են Փարիզի, Վիեննայի, Բոսթոնի, Նյու Յորքի թանգարաններում։ Փիթն ու նա ընդհանուր կիրք ունեն ճարտարապետության հանդեպ, ինչն էլ  մտերմացրել է նրանց։ Հիմա նրանք միասին աշխատում են նոր նախագծի վրա ու դրա համար էլ կանոնավոր հանդիպում են։

Եվ ահա անցած հանգստյան օրերին Ներիին Փարիզում տեսել են 52-ամյա ֆինասնագետ ու ձեռներեց Բիլլ Էքմանի հետ։ Էքմանը, որը հիմնել է Pershing Square Capital Management ֆոնդը,  ազատ ժամանակ շատ է սիրում թենիս խաղալ։ Անցած հանգստյան օրերին նա մասնակցել է սիրողական մրցաշարերից մեկին։ Ներին էլ եկել էր դիտելու այդ խաղը, իսկ խաղից հետո նա Էքմանի հետ միասին երեկույթի է մասնակցել։

«Բիլլը և՛ հանդիպումն է հաղթել, և՛ աղջկա սիրտն է գրավել։ Բրեդ Փիթին թենիս է պետք սովորել ու Էքմանի մակարդակի կրթություն ունենալ, եթե նա ուզում է իր կողքին տեսնել նման փայլուն ինտելեկտուալ կնոջ, ինչպիսին է Ներին»,-մեկնաբանել է այդ նորությունը մոտ կանգնած աղբյուրը։

Էքմանի անձնական կյանքի մասին հայտնի է այն, որ նա 1994-ին ամուսնացել է Հարվարդի համալսարանի շրջանավարտուհի, լանդշաֆտային դիզայներ   Կարեն Էնն Հերսկովիցի հետ, որից երեք երեխա ունի։ Իսկ 2016-ի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ ամուսինները բաժանվել են։



© NEWS.am STYLE