Քենդալ Ջենների ու Բելլա Հադիդի լուքը «Versace»-ի շոուին. NEWS.am Style-ի կարծիքը

14:22   17 հունիսի, 2018

Աշխարհի ամենապահանջված մոդելներից Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը պարզապես չէին կարող բաց թողնել Միլանի նորաձեւության շաբաթը: Նրանք զարդարեցին պոդյումը իրենց ներկայությամբ  «Versace»-ի շոուի ժամանակ:

Իսկ հիմա, մի փոքր՝ սուպերմոդելների ներկայացրած լուքերի մասին: Չէ՞ որ հենց նրանք են ոճ ու նորաձեւություն թելադրում աշխարհին:
22-ամյա Քենդալը ներկայացել էր վառ, գրաֆիկական պրինտով զարդարված հագուստով: Թեեւ գրաֆիկական մեծ պատկերները հաճախ սլացիկություն չեն հաղորդում կազմվածքին, բայց այս դեպքն այլ է, քանի որ Քենդալի զգեստի երկարությունը հավասարակշռում է լուքը:



Ընդգծենք, որ Քենդալի հագուստի պրինտը «Versace»-ի համար խորհրդանշական է: Երկարաճիտ կոշիկները համաչափ, բայց, միեւնույն ժամանակ, համարձակ կերպով են ամփոփում լուքը. դրանք կարծես հիշեցնում են, որ Քենդալը հենց Քարդաշյան գերդաստանից է: Դե իսկ փոքրիկ պայուսակը, որի բռնակների մի մասը շղթայից է, թրենդային էին ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի: Երեւում է՝ դիզայեներները նույնպես չեն կարողանում հրաժարվել այդ տեսակի մինի պայուսակներից: Հետաքրքիր ու նորարարական լուծում են առաջարկում սուպերմոդելի զարդերը. ականջօղերի գույները տարբեր են, որոնց համապատասխանում են մատանիների գույները: Այս մոտեցումը, թերեւս, տարածում կգտնի: 



Մինչ այդ, Բելլա Հադիդը նույնպես բավականին վստահ տեսք ուներ, երբ  պոդյումում առաջնորդում էր մետալիկ հագուստով տղամարդ մոդելներին:
Սուպերմոդելի հագին կաշվից սեւ զգեստ էր , որը եւ՛ մինի էր, եւ՛ ընդգրկում էր նրա մարմինը:  Զգեստը ոչ սիմետրիկ եզրեր ուներ, որոնք իրենց հերթին եզրագծված էին փոքրիկ վալաններով:



Հատկանշական է, որ այս ամռանը չափազանց մոդայիկ են նաեւ վալաններով լողազգեստները: Դրանք կարող են ունենալ ինչպես մեծ, այնպես էլ փոքր վալաններ: Բելլայի կերպարը լրացված էր գույնզգույն ծաղկավոր սանդալներով: Դա բավականին համարձակ համադրություն էր, որի միջոցով հաջողվել էր «կոտրել սեւը»:



Բելլան զերծ էր մնացել ավելորդ աքսեսուարներից, իսկ վարսերը, ինչպես եւ Քենդալի դեպքում, թեթեւ ալիքներ էին: Երկուսի դիմահարդարումն էլ շատ նուրբ էր ու մոտ բնականին, ինչն էլ պահանջում է ժամանակակից նորաձեւությունը:







                                                                                       Լուսանկարները՝ Getty Images եւ AP



© NEWS.am STYLE