Հայ հայտնիները պաղպաղակ եւ քաղցր ձողիկներ վաճառեցին բարեգործական նպատակով (ֆոտո/վիդեո)

22:05   17 հունիսի, 2018

Այսօր Երեւանի Կենդանաբանական այգում յուրահատուկ աշխուժություն էր տիրում՝ շնորհիվ «Բարի Մամա» բարեգործական  կազմակերպության: Հայկական շոու-բիզնեսի մի շարք հայտնիներ այսօր պաղպաղակ վաճառեցին՝ հանուն բարեգործության, իսկ նպատանկը «Բարի տնակ» ներառական կենտրոնի ստեղծմանն աջակցելն է:

«Բարի տնակը» մեծ կառույց է, որը գործելու է Ջրվեժում: Օրվա հասույթն ամբողջությամբ կտրամադրվի կենտրոնի կառուցմանը, որի առաջին մասնաշենքում լինելու է վերականգնողական կենտրոն մանկատան սաների համար եւ ապաստարան այն մայրերի համար, ովքեր չեն ուզում լքել իրենց երեխաներին: 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում «Բարի Մամա» կազմակերպության հիմնադիր Մարինա Ադուլյանը նշեց, որ այսօրվա դրությամբ ամեն ինչ, գրեթե, պատրաստ է, պակասում է միայն կենտրոնի վերեւի հարկի եւ ներքին հարդարման գումարը: Այսօրվա ակցիայի շրջանակում հավաքված գումարը կուղղվի հենց այդ նպատակին:

«Արուսիկ Մկրտչյանի միտքն էր, որ այս տարվա ակցիան իրականացնենք պաղպաղակի վաճառքով: Արուսիկը մեր կազմակերպության ստեղծման օրվանից խորհուրդի անդամ է, նա որոշեց, որ նմանատիպ բարեգործական միջոցառում կազմակերպենք, ես էլ դիմեցի Կենդանաբանական այգուն, եւ տնօրենը չմերժեց՝ հավանություն տալով այս մտքին: Այսօրվա «Բարի տնակ»-ին շատ գումար է անհրաժեշտ, հույս ունենք 5 հարյուր հազարից մինչեւ 1 միլիոն դրամ կհավաքվի: Ավելի ուշ կհայտնենք, թե ի վերջո որքան հավաքվեց»,-նշեց Մարինան:

«Բարի Մամա»-ի բարի ակցիային միացել էին հայտնիներից շատերը: Նրանց թվում էին՝ Լուսինե Բադալյանը, Գոհար Հայրապետյանը, Արքասիա Մելիքյանը, Անդրանիկ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Սոնա Շահգելդյանը, Ջուսը, Կարեն Օհանյանը, Իրինա Թովմասյանը, Մեգգին, Դալիթա Ավանեսյանը, Աստղիկ Սաֆարյանը, Արա Գեւորգյանը, Շուշաննա Թովմասյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Նարեկ Հայկազյանը, Հովհաննես Դավթյանը, Վարդան Սարգսյանը, Էդուարդ Քալանթարյանը, Լեռնո Հարությունյանը եւ այլք:

Միջոցառման մասնակիցներին դիտեք NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE