«Նազենին ասաց. «հայացքը հետաքրքիր եւ ճիշտ եք զգացել»». հայ հայտնիները՝ 15-ամյա իլյուստրատորի աշխատանքներում (ֆոտո)

12:08   19 հունիսի, 2018

Հայ հայտնիների էջերում աճախ հանդիպած կլինեք հետաքրքիր իլյուստրացիաների, որոնք արված են 15-ամյա նկարիչ Հակոբ Հակոբյանի կողմից: NEWS.am STYLE-ն էլ, սովորության համաձայն, երբեք չի անտեսում տաղանդավոր մարդկանց եւ «Տաղանդներ ենք փնտրում» էջում հաճախ գտնում եւ անդրադառնում է նրանցից շատերին:)

Այսպիսով, այսօրվա մեր էջի հերոսը հենց Հակոբն է, որի ոգեշնչման կիզակետում հաճախ հայտնվում են հայկական շոու-բիզնեսի ամենատարբեր ներկայացուցիչները՝ Իվետա Մուկուչյանը, Սիրուշոն, Նազենի Հովհաննիսյանը Գոռ Հակոբյանը, Արփի Գաբրիելյանը, Իննա Խոջամիրյանը, Աննա Դովլաթյանը, Ձյունիկը, Աննա Գրիգորյանը, Ադրիանա Գալստյանը, Լիա Զախարյանը եւ մյուսները:)

Հակոբը ծնվել է Կապանում: «Ծնողներս պատմում են, որ դեռեւս 2 տարեկանից կարողանում էի հայացք նկարել եւ շունչ տալ թեկուզ կետերով եւ գծիկներով նկարածս դեմքին: 4 տարի սովորել եմ Կապանի Գեղարվեստի դպրոցում, ավարտելուց հետո՝ մոտ 2 տարի առաջ, սկսեցի նկարել դիմանկարներ եւ իլյուստրացիաներ»,-պատմում է նա:

Երիտասարդ նկարիչն առավել սիրում է նկարել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Ասում է. «Աղջիկը բնության շատ ավելի հետաքրքիր կերպար է ստեղծագործելու համար, քանի որ կարող ես փոփոխել նրա մազերի ձեւը, հագուստը, դիմագծերն ու ստեղծել նորն ու ավելի գեղեցիկը»:

Նա նաեւ նշում է՝ իր համար հատկապես ոգեշնչման աղբյուր են հայ հայտնիները. «Արտասահմանյան հայտնիներից  քչերին եմ նկարել, բայց ամենաշատը սիրում եմ Սելենա Գոմեսի դիմանկարը»:

Ի դեպ, նրա ստեղծագործությունները աննկատ չեն մնում հայտնիների կողմից. «Արձագանքներ շատ են եղել: Գրեթե բոլորն էլ տեսել ու տեղադրել են իրենց էջերում: Իվետա Մուկուչյանն ու Նազենի Հովհաննիսյանը առաջիններից էին, որ արձագանքեցին: Նազենին ասաց. «հայացքը հետաքրքիր ճիշտ եք զգացել»:

Կարող եմ նշել Աննա Դովլաթյանին, ով բավականին դրական արձագանք տվեց եւ շատ ոգեւորեց ինձ: Իրենց էջերում տեղադրել են նաեւ Ադրիանա Գալստյանը, Սիրուշոն, Գոռ Հակոբյանը, Ձյունիկը, Աննա Գրիգորյանը, Իննա Խոջամիրյանը, Արփի Գաբրիելյանը, Ռոզա Ֆիլբերգը եւ այլք»:

Հակոբը հետեւում է նաեւ մյուս իլյուստրատորների աշխատանքներին, նրանցից առանձնացրեց մի քանիսին. «Շատ եմ հավանում Hayden Williams-ի, Lyubomir Dochev-ի, Natalia Madej-ի, Armand Mehidri-ի, EdgaR_ArtiS-ի աշխատանքները»,-ասում է նա, իսկ ապագայի վերաբերյալ նշում.

«Երազում եմ դառնալ հայտնի ու կայացած նկարիչ, ունենալ ինքնատիպ ոճ ու ասելիք»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE