Բլոգ Լի. Գրավիչ Էջմիածինը

19:01   20 հունիսի, 2018

Հայաստանն առաջինն էր, որը 301 թվականին Քրիստոնեությունն ընդունեց եւ հռչակեց որպես պետական կրոն: Այս երկիրն ունի հնագույն պատմություն ու ամենահետաքրքիր եւ ամենագեղեցիկ տեսարժան վայրերը:

Դրանցից մեկն էլ Էջմիածինն է:

Էջմիածին` անունը նախկինում եղել է Վաղարշապատ, ժամանակին եղել է ոչ միայն երկրի քաղաքական ու մշակութային, այլեւ կրոնական եւ կրթական կենտրոնը:

Այս վայրն իր մեջ ներառում է պատմություն, կրոն, հանգստություն:

Ժամանելով քաղաք, ես որոշեցի հարցնել տեղացիներից, թե ո՞ր կետից սկսեմ ծանոթությունս այս պատմական քաղաքի հետ: Հարցիս պատասխանը ստացա անմիջապես՝ Էջմիածնի Մայր Տաճարից, որը 2000 թվականին, շրջակայքի որոշ կարեւոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Սովարաբար հայկական եկեղեցիները բավականին համեստ ու սքանչելի են, եւ չեն տարբերվում իրենց ներքին գեղանկարչությամբ ու արտաքին շքեղությամբ, որն էլ ստեղծում է հայկական եկեղեցիներին հատուկ՝ խաղաղ մթնոլորտը: Սակայն, ոչ Մայր Տաճարը:

Տաճար տանող ճանապարհն անցնում է փորագրված փայտե քանդակների, ամենատարբեր տեսքի ու չափսի խաչքարերի կողքով:

Վանական համալիրի տարածքում է գտնվում նաեւ Էջմիածնի հոգեւոր ճեմարանն ու 1915 թ.-ի Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:

Վանական համալիրի մեջ է մտնում նաեւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանը, որն ընթերցողներին եւ գիտնականների հնարավորություն է տվել օգտվել կրոնական եւ հայագիտական հարուստ գրականությունից:

1441թ.-ից ի վեր կաթողիկոսի նստավայրը գտնվում է Էջմիածնում: Կաթողիկոսի նստավայրն անվանվում է Վեհարան: Վեհափառի նստավայրի մուտքի մոտ խոյանում են «Տրդատի դարպասները»:

Սակայն, հասնել Էջմիածին ու բավարարվել միայն Մայր տաճարով աններելի է:

Էջմիածնի Մայր Տաճարի այցելելիս հիանում ենք նաեւ Վաղարշապատի այլ վանքերով՝ Սուրբ Հռիփսիմե, Շողակաթ եւ Գայանե: Այս եկեղեցիները հմայում են ոչ միայն իրենց ճարտարապետությամբ, այլ նաեւ ստիպում են ավելի ու ավելի խորը ընկղմվել օդում լողացող հմայիչ ու խորհրդավոր մթնոլորտի մեջ:

Հ.Գ. NEWS.am STYLE-ն արդեն չի պահանջում, այլ խնդրում է, որպեսզի այս հիանալի քաղաքի մայթեզրերն ու ճանապարհները կարգի բերվեն:

 

 Հեղինակներ  ՝ Լիանա Խուդոյան եւ Պարույր Սինիավսկի

 



© NEWS.am STYLE