«Դա դավաճանություն է՝ թե իմ, թե երեխաներիս հանդեպ». Նիկոլ Քիդմանը նշում է 51-ամյակը

14:25   20 հունիսի, 2018

Ավստրալացի հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանն այսօր՝ հունիսի 20-ին, նշում է ծննդյան 51-ամյակը: Նա մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ «Օսկար», «Էմմի», «Ոսկե Գլոբուս» եւ «Silver Bear»:

Նրա մասնակցությամբ ամենահայտնի ժապավեններն են՝ «Լայն բացված աչքերով», «Մուլեն Ռուժ», «Ժամեր», «Սառը լեռը», «Ձեւացրու, թե իմ կինն ես» եւ այլն:

Քիդմանն այն դերասանուհիներից է, որի կյանքի ու ֆիլմերի մասին կարելի է երկար չխոսել, որովհետեւ բարձրահասակ ու սլացիկ շիկահերն արդեն վաղուց մեծ սեր ու ճանաչում է վայելում կինոսերների կողմից:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մեջբերում՝ հոլիվուդյան գեղեցկուհուց:

«Սեքսուալ երեւալու համար պարտադիր չէ լինել մերկ»:

«Մարդիկ, իհարկե, կարող են ասել, թե ինչ մենք պետք է անենք, բայց ի վերջո բոլորս էլ մեռնելու ենք: Հիմա ինչպե՞ս պետք է ճիշտ ապրենք»:

«Ես ուզում եմ իմաստուն լինել: Դրա համար մարդ պետք է շատ բաների միջով անցնի, բայց ես պատրաստ եմ դրան»:

«Ես սիրում եմ խաղալ, բայց ինձ համար շատ ավելի հաճելի է երեխաներիս հետ կենդանաբանական այգի գնալը»:

«Լինեմ անկեղծ՝ սիրում եմ գրկախառնություններ»:

«Ամերիկայում դու ոչ ոք ես, եթե դու հեռուստատեսության դեմք չես»:

«Ես կին եմ, մայր, դուստր, քույր: Ես իրական մարդ եմ եւ սխալ եմ համարում կյանքիս անձնական մանրամասները քննարկելը: Դա ինձ համար դավաճանություն է՝ թե իմ, թե երեխաներիս հանդեպ»:

«Կարծում եմ՝ նորմալ է, երբ մարդն ամեն պահի գլուխը բարձր չի պահում եւ չի պնդում, թե իր մոտ ամեն ինչ լավ է»:

«Ամեն օրը լի է փոխզիջումներով: Երբ ապրում ես մեկի հետ, պետք է փոխադարձ հասկանաք միմյանց: Բայց ինձ, իսկապես, դուր է գալիս ամուսնացած լինելը»:

«Ես սիրում եմ դերասանական արվեստը, բայց տանել չեմ կարողանում մյուս բաները, որոնք կապված են դրա հետ՝ հայտնի մարդկանց հանդեպ հետաքրքրությունը, մամուլը, համացանցը, երբ քեզ ներկայացնում են այնպես, ինչպես մարդիկ են ցանկանում տեսնել»:

Լուսանկարները՝ Նիկոլ Քիդմանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE