«Բոլոր արտիստներն էլ անբավարարվածության բարդույթով տառապող եսասեր մոլագարներ են». Լայոնել Ռիչին դարձավ 69 տարեկան

18:04   20 հունիսի, 2018

Ամերիկացի հայտնի երգիչ, երգահան եւ դերասան Լայոնել Ռիչին այսօր՝ հունիսի 20-ին, նշում է ծննդյան 69-ամյակը:

Իր կարիերան երաժիշտը սկսել է 1968 թ-ից՝ Commodores խմբի կազմում, իսկ 1982 թ-ից հանդես է գալիս՝ որպես անհատ կատարող: Նա մի շարք հիթերի հեղինակ եւ կատարող է, սակայն առավել հայտնի է We Are The World երգով, որը հեղինակել է Մայքլ Ջեքսոնի հետ: Այն վաճառվել է ավելի, քան 20 միլիոն օրինակով: Ամբողջ աշխարհում Ռիչին վաճառել է ավելի, քան 90 միլիոն ձայնասկավառակ՝ դառնալով աշխարհում ամենից շատ վաճառք գրանցած արտիստներց մեկը: Ռիչին «Գրեմմիի» հնգակի դափնեկիր է:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի երգչի մտքերից մի քանիսը.

«Մեծությունը ի հայտ է գալիս վախի շնորհիվ: Վախը կամ մեզ հաղթում է, կամ ստիպում պայքարել եւ հաղթել»:

«Ես գյուղացի տղա եմ եւ հպարտ եմ դրա համար»:

«Ես սիրում եմ ինքս ինձ մարտահրավերներ նետել: Չեմ սիրում մնալ տուփի մեջ»:

«Բոլոր արտիստներն էլ անբավարարվածության բարդույթով տառապող եսասեր մոլագարներ են»:

«Երբ ես մեծանում էի, երաժշտությունը երաժշտություն էր՝ առանց որեւէ ժանրի: Չկար փոփ, չկար քանթրի… Ես նման դասակարգումներ չգիտեի, ինձ համար գոյություն ուներ միայն ռադիո»:

«Ես երգերի հեղինակ եմ, իսկ մարդիկ միշտ էլ սիրում են պատմել իրենց կյանքի լավագույն պատմությունները՝ անկախ այն բանից դու ցանկանո՞ւմ ես դրանք լսել, թե՞ ոչ»:

«Իմ կարիերայի ընթացքում ես մեծ մասամբ ասում եմ բաներ, որոնք մարդիկ են ասում, օգտագործում եմ երաժշտությունն այնպես, որ ոչ թե ես կարողանամ երգել, այլ, առհասարակ, բոլոր մարդիկ»:

«Ես հաճախ քայլում եմ մի ճանապարհով՝ որոնելով իմ ինքնավստահությունը, որովհետեւ ես այն կորցնում եմ, երբ տանն եմ լինում»:

«Ես ճանապարհորդում եմ ամբողջ աշխարհով՝ բաղցահայտելով լեզուներն ու կրոնները, որոշ վայրեր, որտեղ ժպտալու պատճառ չես կարողանում գտնել, որովհետեւ այնտեղի կյանքը շատ դժվար է»:

«Մարդիկ ինձ ներս են թողնում իրենց տները՝ իմ խոսքերի եւ երաժշտության միջոցով»:

Լուսանկարները՝ Լայոնել Ռիչիի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE