«Ինձ երբեք չի հետաքրքրել, թե ինչ եմ հագնում». Լանա Դել Ռեյը նշում է 33-ամյակը

16:01   21 հունիսի, 2018

Ամերիկացի հայտնի երգչուհի եւ երգերի հեղինակ Էլիզաբեթ Վուլրիջ Գրանթը, որը երաժշտասերներին հայտնի է Լանա Դել Ռեյ բեմական անվամբ, այսօր՝ հունիսի 21-ին, նշում է ծննդյան 33-ամյակը:

Մասնագետները նրա երգերի յուրահատկությունը բացատրում են նրանով, որ Լանայի երաժշտությունն իր մեջ պարունակում է ողբերգական սիրո, գլամուրի եւ մելանխոլիայի տարրեր, որոնք հատուկ են 1950-60-ական թ-երի ամերիկյան փոփ մշակույթին:

Լանայի հիթերը հնչել են շատ ֆիլմերում, այդ թվում՝ «Մեծն Գեթսբին», «Մալեֆիսենթ» եւ «Մեծ աչքեր»:

Առաջարկում ենք ընթերցել երգչուհու հայտնի մտքերից մի քանիսն ու վայելել նրա ամենասիրելի հիթերը:

«Ես հավատում եմ, որ այն, ինչ պատահում է, սխալմունք չի կարող լինել: Գիտե՞ք, տիեզերքը մեծ ծրագրեր ունի: Միգուցե, սա շատ դրամատիկ է հնչում…»:

«Ես մի անձնական ամբիցիա ունեմ՝ ապրել ազնիվ եւ պատվել այն իրական սիրուն, որը ունեմ եւ այն մարդկանց, որոնք իմ կողքին են»:

«Երբ ավելի երիտասարդ էի, ինձ տանջում էր այն միտքը, որ ես կարող եմ օրերով նստել մի ինչ-որ գրասենյակում եւ կատարել մի աշխատանք, որին ինքս չէի հավատալու»:

«Եթե դու արտիստ ես ծնվել, դու ոչ մի այլ հնարավորություն չունես. պետք է պայքարես արտիստ մնալու համար»:

«Ես միշտ զարմանում եմ, երբ ինչ-որ մեկն իմ մասին ինչ-որ բան է գրում»:

«Հրաշալի ու անհրահրաժեշտ է, որ զգաս, որ քեզ սիրում ու հարգում են այն մարդիկ, որոնք անում են այն, ինչ դու»:

«Շատ ժամանակ, երբ ես գրում եմ այն մարդու մասին, որին սիրում եմ, ինձ թվում է, թե ես, ուղղակի, Նյու Յորքի մասին եմ գրում»:

«Ինձ համար երանելի է ունենալ մի հասարակ երաժիշտի կարիերա, որն ուղղակի սիրում է երաժշտությունը»:

«Նախ եւ առաջ՝ ես գրող եմ, հետո նոր՝ երգիչ»:

«Ինչ վերաբերում է ոճին՝ ես սիրում եմ դիմահարդարումը, սիրում եմ ինքս իմ դիմահարդարմամբ զբաղվել, բայց հագուստի առումով երբեք ինձ չի հետաքրքրել, թե ինչ եմ հագնում: Ինձ համար զարմանալի էր այն փաստը, որ երբ սկսեցի երգել, ինձանով առավել շատ սկսեց հետաքրքրվել նորաձեւության աշխարհը, քան երաժշտականը»:

Լուսանկարները՝ Լանա Դել Ռեյի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE