Ի՞նչ հուզիչ նամակ է գտել մայրիկը դստեր համար գնած մանկական գրքում (ֆոտո)

17:03   22 հունիսի, 2018

Սա, ուղղակի, պետք է մի գեղեցիկ նվեր լիներ իր դստեր համար, սակայն Մելբուրնի բնակչուհի Նատալի Քոուլմանը անչափ հուզվել է այն գրառումից, որը գտել է դստեր համար գնած «5 րոպեանոց պատմություններ՝ արքայադուստրերի մասին» գրքի մեջ:

Երբ երիտասարդ մայրիկը պատրաստվում էր պատմություն ընթերցել իր դստեր՝ Լենիի համար, նա ցնցվում է` գրքի մեջ հայտնաբերելով մի հոր նամակ, որն ուղղված էր դստերը՝ Ալեքսիսին:

«Սիրելի Ալեքսիս, եթե դու սա ստանում ես ոչ ինձանից, նշանակում է` հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ես, պարզապես, չեմ կարող այն անձամբ քեզ նվիրել: Դու պետք է իմանաս՝ ես միշտ ամբողջ սրտով սիրել եմ քեզ: Դու առաջին մարդն ես, որի մասին ես մտածել եմ արթնանալիս, որի մասին խորհել եմ քնելուց առաջ:

Սիրում եմ քեզ,

Քո հայրիկ՝ Բերրի»:

Նատալին անմիջապես հասկանում է, որ second-hand խանութից գնված այս գիրքն իրականում այլ հասցեատեր ուներ, որին այն պետք էր վերադարձնել:

Նա խանութի ֆեյսբուքյան էջում տեղադրում է գրքի լուսանկարները, իսկ դրանց կից գրում. «Ես այս գիրքը վերջերս եմ գնել դստերս համար, բայց այս հաղորդագրությունն, ուղղակի, խոցեց սիրտս: Եթե ճանաչում եք Ալեքսիսիսն, ես շատ կցանկանայի նրան վերադարձնել այս գիրքը»:

Նրա այս գրառումը մեծ տարածում գտավ սոցիալական ցանցում, սակայն գրքի հասցեատերը դեռեւս չի գտնվել:

Herald Sun-ի տվյալներով՝ Նատալին, նույնիսկ, խանութ է գնացել եւ փորձել որեւէ բան իմանալ, սակայն անձնակազմը եւս չի կարողացել նրան օգնել:

Կինն ասում է. «Մեզ շատ է դուր եկել այս գիրքը, սակայն մեզ համար շատ կարեւոր է, որ այն լինի այն աղջնակի մոտ, որի հայրը գրել է այս նամակը: Ցանկացած երեխա շատ կկարեւորի հոր կողմից ստացած այս խոսքերը»:

Աղբյուրը՝ Mirror.co.uk

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE