Ելենա Բորիսենկոն՝ Սեդա Շահնազարյանի ապաքինման եւ նոր ընկերոջ հետ հուզիչ ծանոթության մասին

12:04   25 հունիսի, 2018

Դերասանուհի Սեդա Շահնազարյանը, որն օրեր առաջ պայքարում էր կյանքի համար (Սեդայի մոտ արյան վարակ էր հայտնաբերվել), ի ուրախություն բոլորիս՝ արդեն իրեն լավ է զգում:) 18-ամյա դերասանուհին օրերս վերադարձել է տուն եւ, նույնիսկ, հասցրել է նոր ընկեր ձեռք բերել՝ փոքրիկ շնիկ Լյուսիին:

Սեդայի ապաքինման ամբողջ ժամանակահատվածում նրա կողքին է եղել ավագ գործընկերուհին՝ Ելենա Բորիսենկոն, որի միջոցով էլ տեղի է ունեցել Սեդայի եւ Լյուսիի ծանոթությունը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ելենան ոգեւորությամբ խոսեց Սեդայի ապաքինման եւ Լյուսիի հետ հուզիչ ծանոթության մասին.

«Սեդուլիկն արդեն տանն է, առողջանում է: Ճիշտ է՝ դեռ մի փոքր թույլ է, բայց կարեւորն արդեն ապաքինվում է եւ ամբողջությամբ բուժվել է»,-նշեց Ելենան՝ հավելելով, որ այս ընթացքում Սեդայի մոտ նկատել է նաեւ ներքին փոփոխություններ՝ հասունություն եւ կոփվածություն:

Սեդայի համար դժվար ժամանակաշրջանն արդեն անցյալում է, Ելենան էլ նախընտրեց խոսել աղջկա այսօրվա դրական փոփոխության ու նոր ընկերոջ հետ նոր կյանք վերսկսելու մասին.

«Լյուսին վատ տերերի պատճառով փողոցում էր հայտնվել: Նրան  բուժել են Pawsitive Rescue կացարանում, որից հետո շնիկին տեր էր պետք: Սեդայի մայրիկն էր սոցիալական ցանցի իմ էջում տեսել շնիկի լուսանկարը, այդ ժամանակ Սեդուլը դեռ ուշքի չէր եկել: Նրա մայրիկն ինձ ասաց, որ այդ շանը պետք է փրկենք, Սեդուլն էլ փրկվի…Երբ Սեդան արդեն աչքերը բացեց եւ ես գնացի նրան տեսակցության, առաջինը հենց շան մասին հարցրեց՝  նշելով, որ անպայման ցանկանում է նրան որդեգրել: Ցույց տվեցի շնիկի լուսանկարը: Լուսանկարն արվել էր այն ժամանակ, երբ շունն, իսկապես, շատ անխնամ եւ տանջված տեսքով էր… Իսկ հիմա արդեն հրաշալի տեսք ունի՝ շնորհիվ կացարանի: Սեդան արդեն որդեգրել է շնիկին եւ հենց նա է նրան Լյուսի անվանել»,-նշեց Ելենան:

Ի դեպ, Սեդան արդեն ակտիվ է նաեւ Instagram-ի իր էջում: Նա իր հետեւորդներին հասցրել է «ծանոթացնել» իր նոր ընկերոջ՝ Լյուսիի հետ: Լուսանկարին կից գրառման մեջ դերասանուհին տեղեկացրել է, որ արդեն լավ է եւ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնք թե նյութապես, թե իրենց աղոթքներով բուժման ամբողջ ընթացքում իր կողքին են եղել:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE