55 տարի առաջ այս օրը՝ հունիսի 25-ին, ծնվել է բրիտանացի հայտնի երգիչ եւ երգերի հեղինակ Ջորջ Մայքլը: Երգիչն առավել հայտնի դարձավ 1980-ական եւ 90-ական թ-երի իր հիթերով, որոնցից են՝ Wake Me Up Before You Go-Go-ն եւ Last Christmas-ը, ինչպես նաեւ այդ տարիներին իր թողարկած Faith եւ Listen Without Prejudice Vol. 1 ձայնասկավառակների երգերը:
Մինչ իր մահը, Մայքլը ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 120 միլիոն ձայնագրություն: Երաժիշտը կյանքից հեռացել է 2016 թ-ին՝ 53 տարեկան հասակում՝ սրտի կաթվածի պատճառով:
Ինչպես բոլոր երաժշտական լեգենդների դեպքում՝ Ջորջ Մայքլի երգերը եւս դեռ երկար տարիներ կապրեն երաժշտասերների սրտերքում: Իսկ այսօր առաջարկում ենք այդ երգերը վայելել երաժիշտի հայտնի մտքերն ընթերցելուն զուգահեռ:
«Երբեք համերաշխ չես լինի մտքիդ հետ, մինչեւ չլսես սրտիդ ձայնին»:
«Մեծ ուժ է պահանջվում, որ քո Ես-ին ասես. «Գիտե՞ս ինչ, դու հենց հիմա ինձ միայնակ կթողնես, թե չէ ես քեզ կարհամարհեմ»»:
«Ես երբեք չեմ մտածել՝ արդյոք իմ սեքսուալ կողմներոշումը ճի՞շտ է, թե՞ սխալ: Կարծում եմ՝ ամեն ինչ ճիշտ մարդուն գտնելու մեջ է»:
«Ես կարծում եմ՝ երաժշտությունն Աստծո ամենամեծ պարգեւներից է»:
«Ցանկացած բիզնես հիմնված է եսասիրության եւ ինքնաբավարարվածության վրա, եւ պետք չէ հերքել այս փաստը»:
«Ինձ համար կարեւոր է, որպեսզի ունենամ արտահայտվելու ազատություն»:
«Եթե կարողանայի տեսադաշտից հեռու ապրել, կարծում եմ՝ այդպես բոլորի համար ավելի լավ կլիներ»:
«Ես ավելի շատ սեր ու հաջողություն եմ վայելում, քան կարող էի պատկերացնել»:
«Ես գրում եմ իմ կյանքի մասին»:
«Եթե չես զգում, որ տվյալ բանն անելով նոր բանի ես հասնելու, ուրեմն ընդհանրապես մի արա դա»:
Լուսանկարները՝ Facebook-ից