Բլոգ Լի. «Զվարթնոց» տաճարի կախարդանքը

19:05   26 հունիսի, 2018

Փառահեղ, անխռով ու արտահայտիչ հայկական ճարտարապետությունը չի դադարում պարուրել հայ ժողովրդի սիրտը հպարտությամբ, իսկ օտարերկրյա հյուրերի հոգին՝ սիրով:

Կախարդական Զվարթնոցի տաճար այցելած յուրաքանչյուր օտարերկրացու աչքերում կարելի է տեսնել հենց այդ սերը :

«Զվարթնոց» տաճարը, կամ զվարթունների (հրեշտակների) տաճարը, 7-րդ դարի հայոց ճարտարապետության եզակի կառույցներից է: «Զվարթնոցը» կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ այն վայրում, որտեղ Տրդատ արքան հանդիպել է քրիստոնեության քարոզիչ Գրիգոր Լուսավորչի հետ:

Տաճարը նվիրված է հրեշտակներին, որոնք երկնքից Քրիստոսի հետ երկիր էին իջել ու հայտնվել Գրիգոր Լուսավորչի տեսիլքում:

Եթե չլինեին 10-րդ դարի ավերիչ իրադարձությունները, մեր առաջ վեր կխոյանար եռահարկ կլոր տաճար՝ կազմված երեք փոքրացող գլանաձեւ հատվածներից: Ինչ վերաբերում է տաճարի փլուզման պատճառներին, կարծիքները տարբեր են: Ոմանք կարծում են, որ տաճարը ավերվել է երկրաշարժերի հետեւանքով, ուրիշները ավերման պատճառը համարում են արաբական արշավանքները:

Խաչիկ վարդապետ Դադյանը 1901 թվականին սկսեց տաճարի պեղումները, ավելի ուշ՝ 1904 թվականին նրան միացավ ճարտարապետ Թորոս Թորամանյանը, որը ուսումնասիրեց ավերակները եւ կազմեց վերականգնման աշխատանքների առաջին պրոյեկտը:

«Զվարթնոց»-ից ոչ հեռու կառուցված է եղել ամրոց , որը ունեցել է երկու թեւ: Ամրոցը շատ քիչ է պահպանվել, բայց նույնիսկ ավերակները կարող են հուշել, որ այդ ամրոցի մասշտաբները ոչնչով չեն զիջել տաճարին: Այստեղ են գտնվում Ներսես III-ի բնակելի տարածքների՝  հայրապետական տաճարի ավերակները: Այստեղ էին գտնվում նաեւ սենյակները, խցերը:

Հնարավոր չէ բառերով փոխանցել այն զգացողությունները, որոնք ինձ պարուրում էին այն պահին, երբ նայում էի, թե ինչպես են զբոսաշրջիկները հիանում տաճարով: Բայց մի բան հստակ է` սա հաստատ վերջին անգամը չէ, երբ հայկական ճարտարապետությունը մինչեւ հոգու խորքը հուզում է մարդկանց:


                                             Գաղափարի հեղինակներ՝ Լիանա Խուդոյան, Պարույր Սինյավսկի



© NEWS.am STYLE