Հայաստանում տնկած առաջին ծառը Ալեքսիս Օհանյանը կոչեց դստեր անվամբ

19:09   27 հունիսի, 2018

Այսօր հայտնեցինք, որ Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի երկար սպասված այցը  Հայաստան արդեն կայացել է:  Instagram-ի իր էջում Օհանյանը պարբերաբար լուսանկարներ է հրապարակում՝ իր ճամփորդությունից:  Երեւում է՝ նա արդեն իսկ բավականին տպավորված է: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ալեքսիսը այցելել է TUMO կրեատիվ տեխնոլոգիաների դպրոց եւ նույնիսկ հայերեն ողջունել է ազգակիցներին: Ավելի ուշ նա իր Instagram-ի միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որում նա ծառ է տնկում: Ալեքսիսը լուսանկարին կից գրել է հետեւյալը. «Տնկում ենք, հույս ունեմ, շատ ու շատ ծառերից առաջինը TUMO-ի բակում: Այս մեկը ես անվանեցի Օլիմպիա: Հիմա նա արդեն երկու ծառ ունի իր երկու տներում էլ՝ մեկը Ֆլորիդայում, մյուսը՝ Հայաստանում»: Հիշեցնենք, որ Օլիմպիան Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի դուստրն է, որը ծնվել է 2017 թվականին:



Իր կարճատեւ ճանապարհորդության ընթացքում Ալեքսիսը արդեն հասցրել է այցելել հայկական շուկա:



Իսկ ավելի վաղ  հրապարակել էր մի լուսանկար, որտեղ երեւում էր Սոս Սարգսյանի դիմանկարը՝ արված պատին street style ոճով: Պատկերը, կարծես թե, բավականին ոգեշնչել է Օհանյանին: Նա անգլալեզու գրառում էր թողել լուսանկարին կից.
 «Թափառել... Գտնված արվեստը կյանքի է կոչվում ավերակներից»:



Ալեքսիսի աչքից, իհարկե, չվիրապեց նաեւ Հայաստանի գլխավոր խորհրդանիշը՝ Արարատ լեռը: Նա լուսանկարվել էր Արարատ լեռան ֆոնին, իսկ նրա ձեռքերում մետաղադրամ էր Արարատի եւ Նոյան Տապանի պատկերներով:

«Մանկությանս լավագույն ընկերներիցս մեկը ինձ նվիրել է այս արծաթե մետաղադրամը՝ Արարատ լեռան եւ Նոյան Տապանի պատկերներով: Այդ ժամանակից ի վեր այն միշտ ինձ հետ է աշխարհով մեկ իմ բոլոր ճանապարհորդությունների ժամանակ», - գրել էր Ալեքսիսը:

Հայտնի է, որ Ալեքսիսը ժամանել է միայն մեկ օրով, այսօր Օհանյանը մեկնում է: Նա պետք է կնոջ՝ Սերենա Ուիլյամսի կողքին լինի, ով գտնվում է Լոնդոնում, որպեսզի մասնակցի Ուիմբլդոնյան մրցաշարին:



© NEWS.am STYLE