Հայտնի սոպրանո Լիաննա Հարությունյանի երեւանյան մենահամերգը (տեսանյութ)

22:20   28 հունիսի, 2018

Այսօր՝ հունիսի 28-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ ֆրանսաբնակ հայտնի օպերային երգչուհի Լիաննա Հարությունյանի երեւանյան առաջին մենահամերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրժոր Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ:

Համերգի ընթացքում հայտնի սոպրանոն ներկայացավ իր ամենահայտնի կատարումներով, հնչեցին Ջուզեպե Վերդիի, Պիետրո Մասկանիի, Ջոակինո Ռոսինիի, Ֆրանչեսկո Չիլեայի, Ջակոմո Պուչինիի եւ Ալֆրեդո Կատալանիի օպերաներից հատվածներ:

Մինչ մենահամերգը՝ Լիաննան երեկ հանդիպում էր ունեցել լրագրողների հետ եւ կիսվել Երեւանում ելույթ ունենալու ուրախությամբ: Ֆրանսիական եւ եվրոպական մի շարք երկրների բեմերում փայլած երգչուհին նշել էր.

«Անչափ հուզիչ է վերադառնալ իմ երկիր, հանդես գալ իմ շատ սիրելի ժողովրդի առջեւ: Ճիշտ է` շատ էի ուզում գալ, բայց չէր ստացվում, բայց կարծում եմ` սա ճիշտ պահ ու ժամանակ է: Ծրագրի վերաբերյալ ասեմ, որ արդեն 4 տարի է` պատրաստ է: Այստեղ գալու համար մի շարք առաջարկներից հրաժարվեցի, բայց դրա համար ես շատ ուրախ եմ, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է այս համերգը: Հայաստանից հեռացել եմ շատ երիտասարդ տարիքում, եւ ես մեծ սիրով եմ սպասում իմ ժողովրդի հետ հանդիպմանը»:

Ավելացնենք նաեւ, որ Լիաննա Հարությունյանի մենահաներգը կայացավ «Երեւանյան հեռանկարներ» 19-րդ երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգին ներկա էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել երգչուհու համերգին: Մանրամասները՝ մեր պատրաստած տեսանյութում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE