Exclusive. Ալեքսիս Օհանյանին տպավորած Սոս Սարգսյանի դիմանկարի հեղինակը՝ նրա հետ հանդիպման մանրամասների մասին

11:05   29 հունիսի, 2018

Reddit եւ Initialized Capital կայքերի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կարճ այցով օրերս հայրենիքում էր: Մեր հայտնի հայրենակիցը Հայաստանում անցկացրել է ընդամենը մեկ օր, որի շրջանակում այնքան բան է հասցրել իրականացնել, որ Instagram-ի իր էջում դեռ շարունակում է կիսվել Հայաստան կատարած այցի տպավորություններով:

Հայրենիքում Ալեքսիսը այցելել է տոնավաճառ, եղել TUMO-ում, դստեր անունով ծառ է տնկել, հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին  եւ, նույնիսկ, հասցրել լավաշ թխել Սերժ Թանկյանի հետ:

Երեւանում Ալեքսիսին շատ վայրեր են տպավորել, հատկապես՝ Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող Սոս Սարգսյանի դիմանկարը, որն  արված է street art ոճում՝ Շինար անվանվող կիսակառույց շինության պատին: Ալեքսիսը, նույնիսկ, հանդիպել է հայ անվանի դերասանի դիմանկարի հեղինակին՝ Ռոբերտ Նիկողոսյանին:

NEWS.am STYLE-ը զրուցել է Ռոբերտի հետ՝ Ալեքսիս Օհանյանի հետ հանդիպման նպատակի եւ նրանից ստացած տպավորությունների մասին.

«Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ պետք է նկարահանվեր, որի մեջ նաեւ ներառված էր street art-ը: Փնտրեցին, գտան ինձ եւ պարզվեց, որ Ալեքսիսն էլ է այդ խմբի մեջ, ովքեր, որ պիտի գային այդ աշխատանքի շրջանակներում, եւ այդպես ստացվեց մեր հանդիպումը»,-պատմում է երիտասարդ նկարիչը՝  հավելելով.

«Իսկապես, շատ ուրախացա, որ առիթ ունեցա շփվելու նման մարդկանց, նման խմբի հետ»:

Ինչ վերաբերում է Ալեքսիսի տպավորություններին՝ Ռոբերտը նշում է.

«Վերջում դրական կարծիք հայտնեց ինձ ... Հետո էլ Instagram-ի իր էջում տեսա իմ նկարներից մեկը՝ հրապարակված իր կողմից: Կրկին շատ ուրախացա»,-անկեղծանում է նա, նաեւ պատմում Ալեքսիսից ստացած տպավորությունների մասին.

«Շատ դրական, շատ համեստ եւ շատ պոզիտիվ անձնավորություն է, իսկ այցի մյուս մանրամասների մասին, ցավոք, չիմացա»:

Տեղեկացնենք նաեւ, որ բացի Սոս Սարգսյանի դիմանկարից՝ Ռոբերտը նաեւ Մհեր Մկրտչյանի, Կոմիտասի, Թումանյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սեւակի եւ շատ այլ հայտնի հայերի գրաֆիտի դիմանկարների հեղինակն է: Դրանք կարող եք տեսնել Երեւանի տարբեր անկյուններում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ռոբերտ Նիկողոսյանը



© NEWS.am STYLE