«Գլոբալ թեմա ենք շոշափել, որը ծանոթ է միլիոնավոր կանանց, նաեւ՝ ինձ». Հասմիկ Շիրոյանը՝ «Իմ անուղղելի կնամոլ» երգի մասին

12:25   30 հունիսի, 2018

«Դեպի Եվրատեսիլ»-ից հետո նախագծի մասնակից, ուկրաինաբնակ երգչուհի Հասմիկ Շիրոյանը փոքրիկ դադար էր վերցրել՝ հանգստանալու եւ ստեղծագործական նոր մտքերով ոգեշնչվելու համար: Եվ ահա, բոլորովին վերջերս երգչուհին ներկայացրեց իր նոր երգը՝ «Իմ անուղղելի կնամոլ»-ը, որը գրված է հայերենով եւ ստեղծվել է Արտեմ Վալտերի հետ համագործակցության արդյունքում:

NEWS.am STYLE-ը նոր աշխատանքի շուրջ զրուցել է Հասմիկի հետ, ինչպես նաեւ պարզել, թե որքանով է ստեղծագործությունը մոտ հենց իր՝ Հասմիկի հոգեւվիճակին:

«Արտյոմն ու ես միմյանց վաղուց ենք ճանաչում եւ միշտ ցանկացել ենք համատեղ երգ ներկայացնել, որովհետեւ միմյանց ոճերը հավանում ենք: Արտյոմը շատ տաղանդավոր տղա է, լավ մարդ: Երգը վաղուց էր սպասում ներկայացմանը, բայց «Դեպի Եվրատեսիլ»-ի շրջանում զբաղված էի You and I երգով, այդ պատճառով էլ մի փոքր ժամանակ պահանջվեց, մինչեւ այն լույս տեսավ»,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհին:

«Կարծում եմ՝ գլոբալ թեմա ենք շոշափել, որը ծանոթ է միլիոնավոր կանանց: Իմ կյանքում էլ եղել է իրավիճակ, երբ շփվել եմ մի մարդու հետ, որին հենց իմ երգի բառով կարելի է անվանել, այսինքն՝ ինձ այս իրավիճակը ծանոթ է: Մենք երգը ներկայացրել ենք պարային մոտիվներով, նույնիսկ, մի փոքր հումորային ենթատեքստով: Կարծում եմ՝ այն մյուսներին նույնքան դուր կգա, որքան ինձ: Շատ պարային ամառային հիթ է ստացվել»,-հավելեց նա:

Երգչուհու խոսքով՝ չի բացառվում, որ երգն ունենա նաեւ տեսահոլովակ, սակայն այս պահին Հասմիկը Լոս Անջելեսում է, որտեղ զբաղված է այլ աշխատանքով:

«Ամառը ցանկանում եմ տաք քաղաքում անցկացնել: Հիմա Լոս Անջելեսում եմ: Աշխատում եմ այստեղ, ինչն էլ ինձ համար արդեն հանգստի ձեւ է: Հաճելի վայրում եմ գտնվում, նաեւ զբաղվում եմ իմ սիրած գործով: Հանգիստս փնտրում եմ սիրելի աշխատանքիս մեջ»,-ասում է նա՝ հավելելով.

«Նախընտրում եմ ամառն անցկացնել ծովափին՝ ջերմացնող արեւի ներքո, որն ինձ էներգիա է պարգեւում: Հիմա օվկիանոսի ափին եմ, չեմ հանգստանում, արդեն հասցրել եմ հանգստանալ այս տարի: Հիմա աշխատանքս եմ վայելում: Նաեւ նշեմ, որ շատ եմ կարոտել Երեւանը, կարծում եմ՝ մոտ օրերս կլինեմ այդտեղ»:

Ինչ վերաբերում է նոր համագործակցություններին՝ Հասմիկն ասում է.

««Դեպի Եվրատեսիլ»-ից հետո կարճ դադար ունեցա, սկսեցի ապրել ինքս ինձ համար, հավաքել մտքերս եւ մի փոքր լիցքաթափվել: Իսկ հիմա ԱՄՆ-ում եմ, հանդիպելու եմ իմ թիմում ընդգրկված մարդկանց հետ: Ժամանակը ցույց կտա՝ միգուցե լինեն նոր համագործակցություններ: Այժմ երգեր եմ գրում եւ հուսով եմ՝ շուտով դրանցից մեկն էլ կներկայացնեմ: Նաեւ շատ եմ սիրում այս շրջանը, երբ նոր երգն արդեն ներկայացրել եմ եւ հետեւում եմ մեկնաբանություններին, որոնք շատ են եւ դրական բովանդակությամբ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հասմիկ Շիրոյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE