Exclusive: Ռոման Միտիչյանը՝ Կիանու Ռիվզի մեծահոգության, Ստալոնեին հայերեն սովորեցնելու եւ իր նոր հոլիվուդյան կերպարների մասին

12:08   4 հուլիսի, 2018

Հոլիվուդյան ֆիլմերից հայտնի հայ դերասան Ռոման Միտիչյանը մի քանի օր է, ինչ ժամանել է Հայաստան: Դերասանն այստեղ մնալու է մոտ երեք շաբաթ. արդեն հասցվրել է հանդիպել մտերիմ ընկերներին՝ Հայկ Մարությանին ու Սերժ Թանկյանին, մշակութային մի շարք քննարկումներ են ունեցել, որոնք դեռեւս չբարձրաձայնեց, որովհետեւ ինչպես նշում է՝ դրանք դեռ միայն ծրագրեր են: Հայրենիք Ռոմանը ժամանել է մենակ, սակայն շուտով նրան կմիանան նաեւ կինն ու ընկերներներից մի քանիսը:

Չնայած հագեցած գրաֆիկին՝ դերասանը NEWS.am STYLE-ին հանդիպելու ժամանակ գտավ, իսկ զրույցն առավել ջերմ ստացվեց երեւանյան արեւի շողերի ներքո՝ Հանրապետության հրապարակի գեղեցիկ ֆոնին:)

Մեզ հետ զրույցում Ռոմանը բացահայտեց իր մասնակցությամբ հոլիվուդյան նոր նախագծերը, խոսեց նաեւ Հայաստանում առաջին ու ամենակարեւոր փոփոխության մասին:

Զրույցի սկզբում անդրադարձանք John Wick 3 ֆիլմին, որտեղ Ռոմանի խաղընկերը նույն ինքը՝ հոլիվուդյան գերաստղ Կիանու Ռիվզն է:

«John Wick 1 ֆիլմում հանդես էի եկել փոքրիկ դերով: Ռեժիսոր Չադ Սթահելսկին իմ մտերիմ ընկերն է: Նա ինձ հրավիրել էր նաեւ նկարահանվել ֆիլմի երկրորդ մասում, սակայն այդ շրջանում նկարահանվում էր «Խոստումը» ֆիլմը, եւ, բնականաբար, ես նախապատվությունը տվեցի «Խոստումը» ֆիլմին, դա քննարկումներից դուրս էր: Երրորդ ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ կրկին մտերիմ ընկերներիցս մեկից՝ պրոդյուսեր Ջեֆ Ուաքսմենից: Շատ կարեւորում եմ նշել այս անունները, որովհետեւ նրանք, իսկապես, ինձ առաջնորդել են եւ նրանց հետ աշխատելն, իրոք, շատ կարեւոր էր»,-նշեց նա:

Դե, իհարկե, չէինք կարող չհետաքրքրվել նաեւ, թե ինչպիսի խաղընկեր էր Կիանու Ռիվզը, ինչին ի պատասխան Ռոմանը նշեց.

«Հոյակապ անձնավորություն է… Եթե ուսումնասիրել եք նրա կյանքը, տեղյակ կլինեք, թե ինչ դժվարությունների միջով է անցել, սակայն նա շատ պինդ մարդ է: Ի դեպ, նրա հետ կապված մի հետաքքիր պատմություն հիշեցի, որը, միգուցե, քչերին է հայտնի:

«Մատրիցա» ֆիլմի նկարահանումների ժամանակ նրա հետ մարտական տեսարաններից մեկում հանդես եկած տղաները, որոնք 6-7 հոգի կլինեին, վճարվեցին, ինչպես որոշված էր պայմանագրով, սակայն ֆիմից հետո նա այդ տղաներից յուրաքանչյուրին Harley Davidson նվիրեց եւ որոշակի գումար… Հոլիվուդում ոչ բոլորն են այդպես վարվում: Նա մեծատառով անձնավորություն է եւ, իհարկե, հզոր դերասան:

Կիանոյի հետ John Wick 3 ֆիլմում  ունեցել ենք նկարահանման մի քանի օր: Շատ պրոֆեսիոնալ դերասան է՝ նկարահանումներին միշտ պատրաստ էր գալիս, բայց պետք է նշեմ, որ ռեժիսորն էլ իմպրովիզների առումով շատ բաց էր: Կան ռեժիսորներ, որոնք ցանկանում են, որ դերասանը խաղա հենց այն, ինչ գրված է սցենարով, առանց շեղվելու դրանից, սակայն Սթահոլսկին հակառակը՝ դրդում էր, որ իմպրովիզներ կատարեինք: Իրականում այդ մեթոդը շատ լավ է աշխատում, դրա համար շատ եմ սիրում այդպիսի ռեժիսորների: Արդյունքում՝ Կիանոյի հետ նոր բաներ էինք հնարում, տարբեր իմպրովիզներ անում: Հաճախ ինքն էր հարցնում՝ արդյոք ճի՞շտ է արտաբերում բառերը ռուսերենով…

Ինչ վերաբերում է տվյալ ֆիլմում իմ դերին՝ մարմնավորում եմ ռուս գնչուի, ինչպես միշտ՝ բացասական կերպարի եմ մարմնավորում, բայց քանի որ ֆիլմը դեռ էկրաններ չի բարձրացել, չեմ մանրամասնի, թե ինչ է պատահում իմ կերպարին ֆիլմի ընթացքում»:

Դերասանը խոստովանեց՝ Կիանու Ռիվզին հայերեն դեռ չի սովորեցնել, սակայն Դեյվ Բատիստային եւ Սիլվեստր Ստալոնեին սպորտային որոշ տերմիններ սովորեցրել է՝ «աջ», «ձախ», «խփիր» ու այդպես մի քանի բառ:) Իսկ հոլիվուդյան այս աստղերի հետ Ռոմանը նկարահանվել է Escape Plan 2 («Փախուստի ծրագիր 2») ֆիլմում, որն էկրաններ է բարձրացել բոլորովին վերջերս՝ հունիսի 29-ին:

Բայց հայազգի դերասանի հոլիվուդյան նորություններն այսքանով չեն սահմանափակվում. ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ բացի Սիլվեստր Ստալոնեի հետ համագործակցությունից դերասանը վերջերս նկարահանվել է նաեւ Քրիստիան Բեյլի հետ՝ ի դեպ, արդեն երկրորդ անգամ…

«Քրիստիան Բեյլի հետ ծանոթացել ենք «Խոստումը» ֆիլմի նկարահանման հրապարակում: Այնպես չէ, որ այդ շրջանում շատ մտերմացանք, բայց շփումն առ այսօր կա: Նրա հետ նոր ֆիլմում նկարահանվելու հնարավորություն ունեցա վերջերս: Ֆիլմը կոչվում է Backseat, այն Դիք Չենիի մասին է: Նա, բավականին, բացասական կերպար էր, նրան մարմնավորում է Քրիստիան Բեյլը: Ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա: Ռեժիսորն Ադամ ՄՔքեյն է: Ես ֆիլմում մարմնավորում եմ Աբու Օմար անունով կերպարին, նա Եգիպտոսից է, որին փախցնում են Իտալիայից… Սա քաղաքական կոնտեքստ ունեցող շատ կարեւոր ֆիլմ է: Այս ֆիլմն էլ այս տարի կհայտնվի էկրաններին: Կարծում եմ՝ այն կարող է իսկական սենսացիա լինել՝ ուղղված ամերիկյան կառավարության դեմ, մասնավորապես, Ջորջ Բուշի կառավարության օրոք»:

Բացի թվարկածներից՝ Ռոմանը նկարահանվել է նաեւ մի քանի հեռուստանախագծերում, ինչպես նշում է՝ կրկին բացասական դերերում: Հարցին, թե ինչու են իրեն բաժին հասնում հիմնականում բացասական կերպարներ, դերասանը նշում է.

«Երեւի նայում են ինձ ու մտածում՝ արաբի նման է: Հետո կա, այսպես ասած, type casting հասկացությունը, երբ քեզ տեսնում են հենց այդ տեսակի մեջ»:

Դերասանի մասնակցությամբ հոլիվուդյան նախագծերը քննարկելուց հետո վերադարձանք հայկական իրականություն եւ խոսեցինք այստեղ նկատելի փոփոխությունների մասին:)

«Այո, փոփոխություններ նկատում եմ: Կառավարությունում էլ հանդիպումներ ունեցանք, շատ ծրագրեր կան: Կարեւորն այն է, որ ժողովրդի դեմքին ժպիտ եմ տեսնում: Սակայն պետք է ամեն ինչին ռեալ նայենք: Ես դրսում եմ ապրում, իմ կյանքն այլ է: Սխալ է գալ ու ասել՝ սա այսպես պետք է լինի, նա՝ այնպես: Մենք պետք է ամեն ինչին նայենք ձեր աչքերով: Դուք պետք է զգաք այդ փոփոխությունը, որ մենք գանք եւ զգանք մեծ փոփոխություն: Կան մարդիկ, որոնք դեռ գործ չունեն, որոնք դեռ սոված են: Իհարկե, դրսից ներդրումներն էլ են կարեւոր, սակայն ամենակարեւորը  բյուջեն լցնելն է: Ֆիլմն, օրինակ, իմ մասնագիտացումն է, ունեմ ընկերներ, որոնք շինարարության ոլորտում են, նրանց բոլորին ասում եմ՝ եկեք այստեղ, քիչ աշխատեք, բայց ձեզ լավ կզգաք»,-ասում է նա՝ հավելելով.

«Ի դեպ, Թանկյանը շատ մշակութային գործիչների է հանդիպել, կան շատ ծրագրեր, որոնք դեռ պարզապես հանդիպումների շրջանակում են: Մեզ ձեր կողմից աջակցություն է պետք, որպեսզի մենք՝ դրսի հայերս, կարողանանք ջանքեր ներդնել, որպեսզի դուխով հասնենք ավելիին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արթուր Ղահրամանյանի եւ Ռոման Միտիչյանի անձնական արխիվից



© NEWS.am STYLE