ՀՀ-ում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանները՝ «Ոսկե Ծիրան»-ի հետ համագործակցության մասին

15:15   4 հուլիսի, 2018

Այսօր՝ հուլիսի 4-ին, կայացավ Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մամլո ասուլիսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներկայացուցչությունների հետ համագործակցությանը:

Ասուլիսի բանախոսներն էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը, ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեվան եւ Երեւանի «Գյոթե կենտրոնի» ներկայացուցիչ Հասմիկ Մուրադյանը:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի խոսքով՝ հրաշալի է, որ Հայաստանում ամեն տարի ցուցադրվում են գերմանական արտադրության նոր ֆիլմեր.

«Այս ընթացքում Հայաստանում գերմանական արտադրության ավելի քան 100 ֆիլմեր են ցուցադրվել: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ ֆիլմերը ներկայացվել են հայերեն սուբտիտրերով եւ մի շարք գերմանացի հայտնի կինոգործիչներ են հրավիրվել Հայաստան: Այս տարի Գերմանիան ներկայացված է 6 ֆիլմով՝ ընդհանուր խորագրի ներքո, որը կոչվում է Made in Germany («Արտադրված է Գերմանիայում»)»: Հուլիսի 12-ին գերմանական ֆիլմերի մեկնարկը կտրվի փառատոնի շրջանակում եւ հանդիսատեսին կներկայացվի «Երեք օր Կիբերոնում» կինոնկարը»:

«Գյոթե» կենտրոնի ներկայացուցիչ Հասմիկ Մուրադյանն էլ նշեց, որ իրենք ուրախ են «Ոսկե Ծիրանի» հետ համագործակցությունը շարունակելու համար:

«Ինչպես արդեն նշվեց՝ այս տարի փառատոնին կներկայացվի 6 ֆիլմ, որոնք բոլորն էլ տարբեր փառատոնների մրցանակակիրներ են: Գերմանական ֆիլմերի ցուցադրությունը կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը»,-հավելեց նա:

««Ոսկե Ծիրանն» ու Ֆրանսիայի դեսպանատունը փառատոնի ստեղծման օրվանից շարունակում են իրենց համագործակցությունը»,-ուրախությամբ նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը՝ հավելելով.

«Առհասարակ, այս փառատոնը կինոարտադրության մեջ կարեւոր վեկտորներից մեկն է: Այս տարի փառտոնի բացումը կմեկնարկի ֆրանսիական արտադրության ֆիլմի ցուցադրումով:  Այս տարվա փառատոնն առանձնահատուկ նշանակություն ունի նաեւ նրանով, որ այն համընկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ  գագաթնաժողովի անցկացման հետ»:

Սուսաննա Հարությունյանը նշեց, որ այս տարի փառատոնն ընդլայնել է իր սահմանները: Առաջին անգամ «Ոսկե Ծիրան»-ին է միացել նաեւ Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը՝ ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության Արտակարգ եւ Լիազոր դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեվայի գլխավորությամբ:

«Մենք շատ ուրախ ենք «Ոսկե Ծիրանի» հետ համագործակցության համար, քանի որ գիտենք, թե սա ինչ հեղինակավոր փառտոն է: 15 տարին կարծում եմ՝ շատ գովելի ընթացք է եւ մենք ողջունում ենք փառատոնի կատարած մեծ աշխատանքը»,-նշեց դեսպանը:

Նա նաեւ կարեւորեց մշակութային համագործակցությունները, որոնք տեղի են ունենում փառատոնի շրջանակում: Ըստ դեսպանի՝ այն նպաստում է ազգային հանդուրժողականությանն ու մշակութային զարգացումներին:

Ասուլիսին առավել մանրամասն կարող եք հետեւել NEWS.am STYLE-ի տեսանյութի միջոցով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE