Սոնա Շահգելդյանը՝ «Քանքարավոր ընկեր» տեսահոլովակի, երգի ընտրության ու նկարահանումների մասին

18:04   4 հուլիսի, 2018

Սոնա Շահգելդյանն օրերս ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է աշուղ Ջիվանու «Քանքարավոր ընկեր» ստեղծագործության հիման վրա: NEWS.am STYLE-ը նոր աշխատանքի շուրջ զրուցել է երգչուհու հետ, որը խոսել է տվյալ երգի ընտրության ու տեսահոլովակում ներկայացված կերպարների մասին.

«Շատ եմ սիրում այս երգը, այն ինձ շատ հոգեհարազատ է: Առհասարակ, ես ժողովրդական երգեր շատ եմ սիրում: Նշեմ, որ պապիկս էլ երգել է ժողովրդական երգեր, նվագել է դհոլ: Միգուցե, դա ինձ գեներով է փոխանցվել: Ընդհանրապես, իմ ընտանիքը երաժշտական է: Մեր հին երգերը շատ լավ գիտեմ եւ միշտ էլ երգել եմ այսպիսի երգեր: Ջիվանու ստեղծագործությունները շատ եմ սիրում»,-ասում է Սոնան:

Երգչուհու նոր տեսահոլովակի ռեժիսորը Ռուբեն Գրիգովն է, որի հետ նա արդեն երկրորդ անգամ է համագործակցում:

«Նախորդ տեսահոլովակը, որի շուրջ աշխատել ենք «Իմ հավերժություն» երգի հիման վրա է նկարահանվել: Շատ եմ հավանում նրա աշխատելաոճը: Նա շատ աշխատասեր է ու տարբերվում է շատ ռեժիսորներից, ունի իր ուրույն ձեռագիրը: Պարտադիր չէ, որ տեսահոլովակի մեջ լինեն այնպիսի բաներ, որոնք երգին խանգարեն: Ռուբենը աշխատում է Սերժ Գաբյանի հետ, որն իմ նախորդ տեսահոլովակի ռեժիսորն է: Համոզված եմ, որ ամեն ինչ, իրոք, ստացվել է, եւ սա չեմ ասում միայն այն պատճառով, որ խոսքը իմ երգի ու տեսահոլովակի մասին է: Դեռ կլինեն այլ տեսահոլովակներ, որոնց շուրջ կրկին սիրով կհամագործակցեմ նրանց հետ»,-ասում է նա:

Տեսահոլովակի նկարահանումներն ավարտվել են մեկ օրվա ընթացքում, սակայն ինչպես Սոնան է ասում՝ բավականին մեծ աշխատանք են իրականաքցրել այդ սեղմ ժամկետում.

«Սկսած կերպարներից ու հագուստից մինչեւ պարերը, ամեն ինչի շուրջ շատ լուրջ աշխատել ենք: Առավոտից մինչեւ գիշեր նկարահանումներ ենք ունեցել: Ինչ վերաբերում է իմ հատվածներին՝ ես բավականին արագ եմ նկարահանվել, ես՝ ինքս, նման իրավիճակներում բավականին արագ եմ հավաքվում: Նշեմ, որ գեղեցիկ պարողներին էլ ինքս եմ ընտրել՝ խրոխտ հայերի կերպարներով: Կերպարներից շատերի շուրջ աշխատել ենք Գեղամ Շերոյանի հետ, որն իմ լավ ընկերն է եւ շատ լավ ու տաղանդավոր դիզայներ է. նա շատ գեղեցիկ հագուստներ է մոդելովորում: Իսկ տարազը Վանի տարազն է, որը տրամադրել է Վերգինե Ալավերդյանը»:

Սոնայի տեսահոլովակն արդեն կարող եք դիտել նաեւ NEWS.am STYLE-ում եւ կիսվել տպավորություններով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE