«Սիրո կծիկ էր, որը շռայլում էր իր սերը թե՛ բեմում, թե՛ կյանքում». Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

20:55   4 հուլիսի, 2018

Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը: Մտերիմները, ընկերները, գործընկերներն ու պարզապես երգչուհու արվեստի երկրպագուները եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու անվանի արտիստին եւ ցավակցություններ հայտնելու Էմմիին ու նրա մյուս հարազատներին: Նրանցից շատերը լրագրողների հետ կիսվեցին, ինչպես իրենք են նշում, սիրելի Նադյայի մասին ջերմ հուշերով:

«Նա մեծ ներդրում ունի մեր երգարվեստի զարգացման մեջ: Միշտ եռանդով, աշխույժ… Շատ ափսոս, որ ժամանակից շուտ լքեց մեզ»,- նշեց Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանը:

Արամոն էլ վերհիշեց, թե ինչպես էին միասին համերգային շրջագայություններ ունենում Նադեժդայի հետ, սակայն կոնկրետ հետաքրքիր դրվագ դժվարացավ առանձնացնել: Ինչպես ինքն է նշում՝ բոլորն էին հիշարժան:

«Ես շատ բան եմ սովորել նրանից եւ նրա սերնդի արտիստներից: Նրանք մեծ ներդրում ունեն իմ կայանալու մեջ: Իսկապես, ցավում եմ…»,- հավելեց երգիչը:

Միքայել Պողոսյանի խոսքով՝ երգչուհին մեր քաղաքի գույներից էր. «Նադյան մի սիրո կծիկ էր, որը շռայլում էր իր սերը թե՛ բեմում, թե՛ կյանքում»:

«Մենք կորցրեցինք մի վառ անհատականություն, որը շատ մեծ գործ արեց, եւ ես չգիտեմ՝ նրա գնալուց հետո կկարողանա՞ն պահել այն գիծը, որը նա էր տանում»,- նշեց Երվանդ Երզնկյանը:

Վիգեն Ստեփանյանն էլ հավելեց. «Թող ոչ ոք չնեղանա, բայց նրա արածը երգարվեստում մի քիչ տարբերվում է, գոնե երգերի ընտրության մեջ, դրա մատուցման մեջ: Նադյան իր շատ հստակ ու երեւացող տեղն ուներ եւ չեմ կարծում՝ որեւէ մեկն այդ տեղը զբաղեցնի»:

Նադեժդա Սարգսյանը կյանքից հեռացել է հուլիսի 2-ին: Երգչուհին երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Սիրված արտիստը 63 տարեկան էր:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE