Փարիզի նորաձեւության շաբաթ. Zuhair Murad-ի՝ «հեքիաթից պոկված» ցուցադրությունը

01:15   5 հուլիսի, 2018

Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակում տեղի ունեցավ Zuhair Murad նորաձեւության տան ցուցադրությունը: Լիբանանցի հայտնի դիզայներ Զուհայր Մուրադը մշտապես ցուցադրություններին հաղորդում է արեւելյան հեքիաթի կոլորիտ:



Նրա մոդելավորած զգեստների մասին են երազում թե՛ հարսնացուները, թե՛ հոլիվուդյան աստղերը եւ թե՛ նորաձեւությամբ հետաքրքրված այլ կանայք:

Զուհայր Մուրադը ներկայացրեց այն, ինչ սպասելի էր, սակայն արեց դա իր ողջ շքեղությամբ: Շլացնող փայլերի հրավառություն, նրբաճաշակ ու թեթեւ կտորներ, էլեգանտ ու արիստոկրատ հանդերձանքներ. այս ամենը, թերեւս, ընդամենը արտացոլում էր սառցաբեկորի գագաթը:



Նորաձեւության տունը հիմնականում շեշտը դրել էր կարմիր ու սեւ, սեւ ու սպիտակ գույների համադրության վրա, բայց օգտագործել էր նաեւ որոշ պաստելային գույներ: Այս մոտեցումը հավասարակշռել էր ողջ ցուցադրությունը:





Կարելի է փաստել, որ ցուցադրությունը արքայական էր, քանի որ հանդերձանքներից շատերը հիշեցնում էին հեքիաթից «պոկված» թագուհիների նախշազարդ կերպարներ: Այդ հանդերձանքների նախշերը կազմված էին փոքրիկ ու նուրբ քարերից,  որոնց փայլը շլացուցիչ էր: Վստահաբար, Zuhair Murad-ի այս ցուցադրությունը «հրավիրատոմս» է դեպի «արքայական գահ»:




                                                                         Լուսանկարները՝ Luca Tombolini ,Indigital.tv

                                                                                                                        Սյուզի Մսրյան



© NEWS.am STYLE