«Այս տեսակի հայկական ֆիլմ դեռ չի նկարահանվել». Գոռ Կիրակոսյանը՝ «Ազնիվ գողեր» կատակերգության եւ դերասանական կազմի մասին

12:25   5 հուլիսի, 2018

«Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Քայլ ձիով», «Կորած-մոլորվածը` Հայաստանում» եւ մի շարք այլ ֆիլմերից հայտնի ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն իր հիմնադրած «Դեմք» շոուի հետ Հայաստանում է, որտեղ զբաղված են նոր կատակերգության նկարահանոիմներով: Ռեժիսորի նոր աշխատանքը կոչվում է «Ազնիվ գողեր»: Իր նոր ֆիլմի մանրամասների լուսաբանումը Գոռը վստահել է NEWS.am STYLE-ին.

«Ֆիլմն օրիգինալ սցենար է՝ կատակերգական ժանրի մեջ: Մտահաղացումն իմն է, իսկ սցենարը գրվել է «Դեմք» շոուի անդամների մասնակցությամբ: Ֆիլմն իրական պատմության հետ կապ չունի, բայց կան կատակներ եւ դրվագներ, որոնք ինձ եւ իմ ընկերների հետ պատահել են»,-ասում է ռեժիսորը` բացահայտելով նաեւ դերասանական կազմին:

«Գլխավոր դերերում հանդես են գալիս Արամ Mp3-ը, Դավիթ Թովմասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լեւոն Պետրոսյանը, Մեգի Գրիգորյանը, Արտակ Գասպարյանը, Արմեն Դարբինյանը, Արտաշես Մխիթարյանը: Շատերը «Դեմք» շոուի անդամներ են: Ֆիլմում օտարազգի դերասաններ ներառված չեն, սակայն օպերատորն ԱՄՆ-ից է՝ Ֆիլիպ Վամդեվալը, որն ազգությամբ բելգիացի է: Արդեն չորրորդ անգամ ենք համագործակցում»:

Ֆիլմի նկարահանումներն ամբողջությամբ տեղի են ունենալու Երեւանում, քանի որ ինչպես Գոռն է նշում՝ «Այն Երեւանում ապրող կերպարների մասին է: Նկարահանումները կավարտենք հուլիսի կեսերին, իսկ էկրաններին կբարձրանա մյուս տարի»:

Հարցին՝ արդյոք նոր կատակերգությանը կհաջողվի՞ գրանցել իր մյուս ֆիլմերի հաջողությունից, ռեժիսորը պատասխանեց.

«Այս ֆիլմի ոճը շատ տարբեր է, այն ընդհանրապես նման չէ մյուս ֆիլմերին: Կարծում եմ՝ հեռուստադիտողին ֆիլմը դուր կգա իր գաղափարով եւ հումորային լուծումներով: Վստահ կարող եմ ասել՝ այս տեսակի հայկական ֆիլմ դեռ չի նկարահանվել»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Գոռ Կիրակոսյանի Facebook-ի էջից

 



© NEWS.am STYLE