Մեգան Մարքլի ու արքայադուստր Դիանայի ոճային նմանությունը

14:55   7 հուլիսի, 2018

Թագավորական ընտանիքի անդամ լինելը հեշտ բան չէ: Ամուսնանալով արքայազն Հարրիի հետ` Մեգան Մարքլը իր ուսերին մեծ պատասխանատվություն է վերցրել:

Սասսեքսի նորաթուխ դքսուհին ոչ միայն թագավորական ընտանիքի դիմագիծն է, այլեւ արդեն իսկ նորաձեւություն է թելադրում ողջ աշխարհին:

NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում Մեգան Մարքլի նուրբ ճաշակը: Շատ դեպքերում դքսուհու հանդերձանքները հուշում են, որ նա հետեւում է բոլոր ժամանակների նորաձեւության էտալոն արքայադուստր Դիանայի օրինակին, որը մահացել է 1997 թվականին՝ արքայազն Չարլզից ամուսնալուծվելուց մոտ մեկ տարի անց:



Լեդի Դին, ինչպես փաղաքշաբար կոչում էր նրան հանրությունը, զգուշորեն էր ընտրում իր հանդերձանքները եւ, թերեւս, դա է պատճառը, որ նրա զգեստները մինչ օրս ամենաքննարկվողների շարքին են պատկանում:



Արքայադստեր street style ոճի հանդերձանքը, կարծես, կրկնօրինակում է Մեգանը: Այս կերպ նա գուցե իր հարգանքի տուրքն է մատուցում նրան:

Ճերմակ վերնաշապիկները վաղուց նորաձեւության դասական տարրեր են, եւ, վստահաբար, կպահպանեն իրենց ակտուալությունը:



Մեգանի փոքրիկ սեւ զգեստը եւս հիշեցնում է արքայադստեր ամենահայտնի հանդերձանքներից մեկը: Ուսերի բացվածքը, զգեստի երկարությունը եւ անգամ դիմահարդարումը հիշեցնում են հանրության կողմից այդքան սիրված Դիանային:



Հաջորդը նրբաճաշակ կարմիր զգեստն է. երկուսի դեպքում էլ զգեստը լայնանում է գոտկատեղից վեր ընկած հատվածում, ունի հասարակ, բայց շքեղ տեսք:



Երեւում է՝ Մեգանը, ինչպես եւ նախկինում Դիանան, ազնվական ճերմակի սիրահար է: Դժվար է չնկատել, որ նրանց ոճային ընկալումները այս դեպքում եւս համընկնում են:

Եվ վերջապես, հասավ թեթեւ ու եթերային հանդերձանքի հերթը: Արքայադստեր՝ կապույտ պրինտով տունիկան, կարծես, ոգեշնչել է արքայազն Հարրիի կնոջը: Ոչ այնքան ուշադիր լինելու դեպքում կարելի է նույնիսկ կարծել, թե դրանք կարված են նույն կտորից:



Խորհրդանշական է, որ Միացյալ Թագավորության ամենակարեւոր դեմքերից մեկը «հիշում է» արքայադուստր Դիանային, ում կյանքի պատմությունն այդքան խճճված էր, իսկ իր հանդեպ հանրության սերն ու ակնածանքը՝ անվիճելի փաստ:





                                                 Lուսանկարները՝ Getty, splashnews, shuterstock,  Ian Jones
                                                                                                                       Սյուզի Մսրյան



© NEWS.am STYLE