Դարեն Արոնոֆսկին Վարդավառի կապակցությամբ ջուր է լցրել «Ոսկե ծիրանի» հյուրերի եւ իր վրա

21:47   8 հուլիսի, 2018

Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» հոբելյանական՝ 15-րդ կինոփառատոնը: Այն համընկավ Վարդավառի տոնի հետ, ընդ որում՝ ոչ առաջին անգամ: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում այս պահին ընթանում է կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Փառատոնի պատվավոր հյուրն աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին է, որը կարմիր գորգին հայտնվեց ամենավերջում: Նա լրագրողներին հայտարարեց, որ գիտի՝ Հայաստանում այսօր Վարդավառ է, եւ ջուր լցրեց ներկաների վրա:

Սակայն սրանով ջրելու արկածները չավարտվեցին.Դահլիճում, երբ ժամանակն էր հայտարարել պատվավոր հյուրի անունը, նրա հետեւից բեմից բալետի պարուհի գնաց: Ռեժիսորը հետեւեց նրան եւ բեմ բարձրացավ, որտեղից հայտարարեց.

«Այս ներկայացումը նույնքան թույն է, որքան եւ իմ ֆիլմերը: Եվ ընդհանրապես, այսօր ձեզ մոտ մեղքերի մաքրման տոն է, ջրի տոն, ուստի իրադարձության մթնոլորտին համապատասխան...»,- Դարենն ընդհատեց իր խոսքը եւ ջուր լցրեց առաջին շարքերին նստած հյուրերի, ապա նաեւ իր վրա:



© NEWS.am STYLE