«Ներդաշնակ ու հավասարակշռված գեղեցկուհի է». «Միսս Արմենիա» Լիլի Սարգսյանը՝ «Միսս հայուհի» ճանաչված Արենա Զեյնալյանի մասին

17:05   9 հուլիսի, 2018

Երեկ կայացավ «Միսս հայուհի» մրցույթի եզրափակիչ փուլը, որի հաղթողը դարձավ 24-ամյա Արենա Զեյնալյանը՝ Թեհրանից: Գեղցկուհուն թագը հանձնեց նախորդ տարվա «Միսս Արմենիա» մրցույթի տիտղոսակիր Լիլի Սարգսյանը, որն այսօր NEWS.am STYLE-ի հետ կիսվեց մրցույթից ստացած  տպավորություններով եւ այն հուշերով, որոնք վերապրել է մրցույթին հետեւելիս.

«Բոլոր աղջիկներն էլ փայլում էին, յուրովի գեղեցիկ էին, նույնիսկ, չէի կարողանում նրանցից մեկին առանձնացնել: Բայց առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում 3-4 աղջիկ»,-անկեղծացավ Լիլին՝ այնուամենայնիվ նախընտրելով չնշել կոնկրետ անուններ:

«Արենան բավականին ներդաշնակ ու հավասարակշռված գեղեցկուհի է, արժանի է իր տիտղոսին»,-անդրադառնալով տիտղոսակիր գեղեցկուհուն՝ հավելեց նա:

Մինչ մրցույթի եզրափակիչ փուլը Լիլին աղջիկների հետ հանդիպելու եւ շփվելու առիթ ունեցել է եւ փորձել կիսվել իր խորհուրդով.

«Բավականին շատ զրույցներ ենք ունեցել: Մի քիչ դժվար է տալ այնպիսի խորհուրդ, որը կօգնի հաղթահարել հուզմունքը: Բայց խորհուրդ եմ տվել, որ ինչ էլ լինի չընկճվեն, բոլորն էլ հաղթած են»,-ասում է նա:

Անդրադառնալով մրցույթի առաջին փուլում հաղթած գեղեցկուհի Էլիզա Մուրադյանին, որը Հայաստանն այս տարի առաջին անգամ կներկայացնի «Միսս Տիեզերք» մրցույթում՝ Լիլին նշեց.

«Էլիզան, նույնպես, շատ գեղեցիկ աղջիկ է, ժյուրին շատ ճիշտ ընտրություն է կատարել «Միսս Տիեզերք»-ի համար. նա համապատասխանում է բոլոր չափանիշներին»:

Լիլին խոստովանում է՝ մրցույթին հետեւելիս հիշել է իր էմոցիաները, որոնք ապրել է նախորդ տարվա մրցույթին մասնակցելիս.

«Նույնիսկ, երբ հայտարարում էին լավագույն տասնյակը, այդ ժամանակ մենք նույնպես հուզվում էինք եւ միեւնույն ժամանակ աղջիկների հետ զրուցում ու վերապրում էինք նախորդ տարին՝ մեզ հիշելով այդ բեմին կանգնած»,-անկեղծանում է նախորտ տարվա տիտղոսակիր գեղեցկուհին, որն Արենայի հետ արդեն զրուցել է «Միսս Աշխարհ» մրցույթի մասին եւ կիսվել իր խոհուրդով.

«Արդեն իմ խորհուրդը տվել եմ նրան, որ լինի էլ ավելի համարձակ, էլ ավելի ժպտերես: Վստահ եմ՝ նա ունի բոլոր հատկանիշները, որպեսզի հասնի հաջողության»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE