Երեւանում բացվել է «Մինիոն» խնամքի եւ զարգացման կենտրոնը

15:15   9 հուլիսի, 2018

Վաղ տարիքում ամենակարևորը երեխաների մեջ բարություն, աշխատասիրություն, կոլեկտիվ մտածողություն, հայրենասիրություն սերմանելն է, երեխային ինքնուրույն դարձնելն ու դպրոցական կյանքին նախապատրաստելը: Այս սկզբունքներով է առաջնորդվել Հուրի Բարբարյանը «Մինիոն» երեխաների խնամքի և զարգացման կենտրոնը հիմնելիս:

 

«Դեռ վաղուց ցանկություն ունեի նմանատիպ կենտրոն բացել մեր երկրում, որպեսզի հայ մանուկները նույնպես հնարավորություն ունենան նախադպրոցական կրթություն ստանալու, ինչպես նաև դասապատրաստում անցնելու այսպիսի բարեհամբյուր և ջերմ ընտանեկան մթնոլորտում»,-մեզ հետ զրույցում, խոսելով երեխաների խնամքի և զարգացման կենտրոնի ստեղծման շարժառիթների մասին, ասել է կենտրոնի հիմնադիր-տնօրեն Հուրի Բարբարյանը:

«Մինիոն» երեխաների խնամքի և զարգացման կենտրոնի անվան ընտրության հարցում փորձ է արվել անդրադառնալ ընտանիքի մոդելին: «Մինիոն»-ները մի մեծ ընտանիք են, իսկ մեր կենտրոնը երեխայի 2-րդ տունն է, այստեղ նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան իրենց ընտանիքում՝ շուրջ 10 ժամ (8:30-18:30): Մեր  աշխատանքում ամենակարևորը սեր ներդնելն է, մանուկներին մի տանիքի տակ համախմբելն ու մինիոների նման մտերմանալը՚,-հավելել է Հուրի Բարբարյանը: 

Կենտրոնն իր գործունեությունը մեկնարկել է ընդամենը մի քանի օր առաջ`հուլիսի 3-ին, բայց արդեն ունի բազմաթիվ դիմորդներ:

«Մինիոն» երեխաների խնամքի և զարգացման կենտրոնը նախատեսված է 1.5-ից 6 տարեկան երեխաների համար: Երեխաներն այստեղ ընդունվում են 3 տարիքային խմբերում՝ 1.5-3 (մսուր խնամք), 3-6 տ. (մանկապարտեզային ծրագիր), դասապատրաստում տարրական դասարանների (I-V) աշակերտների համար: Ուսուցման և դաստիարակության հարցում առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր խմբին: Պարապմունքներն անցկացվում են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մանկավարժության նոր մեթոդներով և տեխնիկաներով՝ փոխներգործուն, խաղային, ակտիվ ուսուցման և այլն: Խնամքի և զարգացման կենտրոնում, որպես լրացուցիչ կրթական ծառայություն, նախատեսված է նաև օտար լեզուների ուսուցում (անգլերեն, ռուսաց լեզու և չինարեն՝ ծնողների ընտրությամբ):

Կենտրոնի առաքելությունն է օգնել ծնողներին երեխայի տարիքին համապատասխան զարգացման, սոցիալիզացիայի, կյանքի հմտությունների ձևավորման ու զարգացման, տարրական կրթության սահուն անցման ապահովման գործընթացում՝ առաջարկելով նպատակաուղղված համալիր ծառայություններ: Երեխաների զարգացման կենտրոնն այսպիսով աջակցում է նաև աշխատող մայրերին, որպեսզի նրանք կարողանան ավելի հանգիստ ու վստահ կազմակերպել իրենց առօրյան:

 

«Մենք հավաքագրել ենք փորձառու աշխատակազմ, ձևավորել հարմարավետ պայմաններ և աշխատում ենք դիտարկվող նյութերով (պլաստիր, խաղանիքներ, նկարներ, թվեր), որպեսզի երեխաները հեշտությամբ յուրացնեն մատուցվող նյութը: Մենք նաև առաջարկում ենք չորս անգամյա՝ էկոլոգիապես մաքուր, վիտամիններով հարուստ, համեղ սնունդ՝ Առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմերին համապատասխան, որպեսզի ապահովենք երեխաների կայուն ֆիզիոլոգիական աճը»-նշել է «Մինիոն» խնամքի և զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Մարտիրոսյանը:

 

«Մինիոն»-ում երեխաների կրթադաստիարակչական աշխատանքների գործընթացն իրականացվում է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչների հիման վրա կազմված և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նախադպրոցական կրթական ծրագրերով, շաբաթը 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 8:30-18:30:

Նախադպրոցական ծրագրերի ամսավճարը կազմում է 80-100.000 դրամ, դասապատրաստման՝ 60-70.000 դրամ:

 



© NEWS.am STYLE