«Ոսկե Ծիրան»-ի շրջանակում ռեժիսորների երկխոսության հնարավորությունը չափազանց կարեւոր է». Ռաշիդ Մալիկով

15:55   9 հուլիսի, 2018

Այլ ռեժիսորների հետ երկխոսության եւ համախմբման այն հնարավորությունը, որը տրվում է «Ոսկե Ծիրան» փառատոնի ընթացքում, ավելի կարեւոր է, քան նույնիսկ ցուցադրությունները: «Ոսկե Ծիրան» 15-րդ կինոփառատոնի՝ «ԱՊՀ երկրների կինոն» ծրագրի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ռեժիսոր Ռաշիդ Մալիկովը: Նշենք, որ ասուլիսին մասնակցում էին նաեւ դերասան ու ռեժիսոր Իգոր Կիստոլը՝ Մոլդովայից ու ռուս կինոռեժիսոր Ալեքսեյ Հերմանի կինը՝ Ելենա Օկոպնայան:

Ուզբեկստանից Ռաշիդ Մալիկովը փառատոնին ներկայացրել է «Տոկունություն» ֆիլմը. այն պատմում է նախկին կապիտանի մասին, ում հարաբերությունները լարված են իր որդու հետ: Նա պարզում է, որ քաղցկեղ ունի եւ իրեն քիչ ժամանակ է մնացել ապրելու:



Մալիկովն առաջին անգամ է Հայաստանում ու բավական տպավորված է. «Սա իմ առաջին այցն է Հայաստան, ես պարզապես էյֆորիայի մեջ եմ: Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս»,- նշել է ռեժիսորը՝ շնորհակալություն հայտնելով փառատոնի կազմակերպիչներին:

Մինչ Մալիկովը մանրամասն ներկայացնում էր ֆիլմի զարգացումները եւ կատակում, որ կարող ենք այլեւս ֆիլմը չդիտել, դերասան Իգոր Կիստոլը, որն առաջին անգամ է իրեն փորձել ռեժիսորի դերում, նախընտրեց չբացել «Մայիսի վերջին օրը» ֆիլմի փակագծերը: Փոխարենը ավելի մանրամասն խոսեց այսօր Մոլդովայում առկա խնդրի մասին. «Թե՛ պետությունը, թե՛ հանդիսատեսը հետաքրքրված չեն նոր ֆիլմերի արտադրությամբ: Մոլդովայում շատ քիչ ֆիլմեր են ստեղծվում: Կինոարտադրողները «ձեռքը պարզած» հովանավորներ են փնտրում»: Կիստոլը հավելեց նաեւ, որ այս տարի Մոլդովայում նկարահանվել է ընդամենը 2 ֆիլմ, իսկ անցած տարի ոչ մի ֆիլմ չի նկարահանվել:



«Մայիսի վերջին օրը» ֆիլմը Կիստոլը նկարագրեց այսպես՝ «փախուստ դրախտից»: «Մոլդովայի յուրաքանչյուր ընտանիքում կա արտագնա աշխատանքի մեկնող մարդկանց առջեւ ծառացած խնդիր: Այս ֆիլմում ընտանիքի մայրը մեկնում է Իտալիա՝ գումար վաստակելու, իսկ այդ ընթացքում ընտանիքի հայրը խնամում է զավակներին»,- ընտանեկան դրամայի մասին մի փոքր մանրամասնեց Կիստոլը:

Հարցին՝ ի վերջո ռեժիսորը գտե՞լ է պատասխանը, թե ինչու են մարդիկ փախուստ կատարում դրախտից, նա պատասխանեց. «Ոչ, ես պատասխան չգտա: Միայն գիտեմ, որ մարդիկ փորձում են դրսում երջանկության պատրանք ստեղծել, որն իրականում չկա: Նա, ով չի կարողանում երջանիկ լինել աղքատության մեջ, չի կարող նաեւ հարստության մեջ գտնել այդ երջանկությունը»:

Ալեքսեյ Հերմանի «Դովլաթով» ֆիլմը կբացի «ԱՊՀ երկրների կինոն» ծրագիրը, որը ներառում է 20 ֆիլմ: Դրանց ցուցադրությունները կայանալու են Երեւանում ու Գյումրիում:



Ալեքսեյ Հերմանի փոխարեն մամուլի ասուլիսին ներկա էր նրա կինը՝ նկարչուհի եւ հագուստի մոդելավորող Ելենա Օկոպնայան: «Այն, որ ֆիլմի ցուցադրությունից հետո նրանք, ովքեր չէին ճանաչում մեծ գրողին, սկսեցին նրա գրքերն իրենց ձեռքը վերցնել, նշանակում է, որ մեզ հաջողվել է ինչ-որ բան անել»,- ասաց նա:

Ելենան նշեց, որ «Դովլաթով» ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար դեռ 2015 թվականին դիմել են ՀՀ մշակույթի նախարարությանը, սակայն օդում կախված խոսակցությունները մնացել են «սառույցին գրված»: Ելենան նշեց, որ պատճառը, երեւի թե, ֆինանսների բացակայությունն է. «Դե, այն ժամանակ ուրիշ կառավարություն էր»:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին մեկնարկեց ամենամյա «Ոսկե ծիրան» կինափառատոնը, որն այս տարի անցկացվում է 15-րդ անգամ:



© NEWS.am STYLE