Քիմ Քարդաշյանը դիմել է Քալիֆորնիայի նահանգապետին՝ կոչ անելով բարելավել նահանգում կանանց բանտերի վիճակը

10:07   10 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանը դիմել է Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունին՝ կոչ անելով բարելավել նահանգում կանանց բանտերի վիճակը։Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Դոնալդ Թրամփի հետ վերջին հանդիպումից հետո լրջորեն մտադրվել է զբաղվել ամերիկյան բանտերի  կին բանտարկյալների խնդրով։ Քիմը վերջերս հասել էր նրան, որ ԱՄՆ նախագահը ներում էր շնորհել  Էլիս Ջոնսոնին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտված թմրադեղերի ապօրինի վաճառքի համար:

Օրերս 37-ամյա հեռուստաաստղը այցելել էր Քալիֆորնիայի կանանց բանտ, որտեղ հանդիպել է որոշ բանտարկյալների հետ։ Հայուհին հանդիպել է 15 բանտարկյալների հետ, որոնք նրա հետ քննարկել են այն գործերն ու հոդվածները, որոնցով դատապարտվել են, նաև վաղաժամ ազատ արձակվելու ու բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունները։

Դրանից հետո հայուհին իր Twitter-ով դիմել է Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունին՝ կոչ անելով լավացնել նահանգի կանանց բանտերի վիճակը։

Կա Assembly Bill 2550 կոչվող հրաման, որն արգելում է տղամարդ պահակներին, բացառությամբ արտակարգ իրավիճակների, որևէ գործ ունենալ բանտարկյալ կանանց հետ։

«Կանայք, որոնց ես հանդիպել եմ բանտում, առաջվա պես  իմ սրտում ու իմ մտքերում են։ Ես իրոք հույս ունեմ, որ նահանգապետ Ջերրի Բրաունը կստորագրի Assembly Bill 2550 հրամանը»,- գրել է Քիմը։

Այդ հրամանը բանտում աշխատող պահակներին կարգելի   կին բանտարկյալներին կանոնավոր խուզարկությունների ենթարկել, շոշափելով նրանց մարմինը, նաև կարգելի պահակներին մտնել այն գոտիներ, որտեղ կանայք մերկանում են։ Հրամանում նշված է, որ պահակները կարող են կին բանտարկյալներին մոտենալ միայն այն դեպքում, եթե բանտարկյալների միջև սկսվում է ծեծկռտուք կամ եթե նրանք փախչելու մտադրություն ունեն:



© NEWS.am STYLE