«Չի բացառվում, որ Հայաստանում էլ ֆիլմ կնկարահանեմ». Դարեն Արոնոֆսկի (ֆոտո, վիդեո)

18:30   10 հուլիսի, 2018

«Սեւ կարապը», «Ակունք», «Նոյ», «Ռեքվիեմ երազանքի համար», «Մամա» եւ մի շարք այլ ֆիլմերից հայտնի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին այս օրերին Հայաստանում է: Աշխարհահռչակ ռեժիսորը Երեւան է ժամանել «Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով:

Արոնոֆսկին արդեն հասցրել է քայլել փառատոնի կարմիր գորգին եւ Վարդավառին ջրել լրագրողներին եւ հյուրերին: Իսկ այսօր ռեժիսորը հանդիպեց լրագրողների եւ մի շարք կինոմանների հետ եւ, նույնիսկ, պատասխանեց շատերին հետաքրքրող հարցերին: Անդրադառնալով իր մասնագիտության ընտրությանը` Արոնոֆսկին նշեց.

«Երբ փոքր էի` 15 տարեկան, ես ընդհանրապես չգիտեի` ինչ է ֆիլմ ստեղծելը: Երբ ընդունվեցի քոլեջ, չգիտեի` ինչով պետք է զբաղվեմ: Բայց ես մի արվեստագետ ընկեր ունեի, որն ամբողջ օրը նկարում էր: Հետո ես ինքս էլ սկսեցի հետաքրքրվել արվեստով ու բախվեցի ֆիլմարտադրությանը»:

Իսկ այսօր հայտնի ռեժիսորն արդեն հստակ գիտի` ինչպիսի սցենարի հետ է ցանկանում աշխատել:

«Ես հստակ իմ տեսակետն ունեմ, թե ինչպիսին պետք է լինի ֆիլմը: Սցենարից մինչեւ նկարահանում ֆիլմը տարբեր է լինում: Երբ «Նոյ»-ն էինք նկարում, ստուդիական տարբերակում այն այլ էր, նկարում` սարսափելի: Այդ պատճառով մենք վերանկարահանեցինք այն: Ֆիլմն արվեստ է` անկախ գումարից դու պետք է փորձես արվեստ ստեղծել: Շատ լավ է, երբ կարողանում ես ճիշտ թիմ գտնել: Դա նման է ամուսնության: Այդ պատճառով էլ պետք է ճիշտ արվեստագետների գտնես»,-ասում է նա` հավելելով.

«Ես ոգեշնչվում եմ աստվածաշնչյան պատմություններից: Երբ մի պատմություն ենք պատմում, փորձում ենք դրանով միավորել մարդկանց: Մարդկային էմոցիաներն են իսկական կինո ստեղծում, իսկ աստվածաշնչյան պատմությունները բոլոր մարդկանց պատմություններն են: Ֆիլմ ստեղծելիս ես միշտ մտածում եմ հանդիսատեսի մասին: Հիմնականում ֆիլմեր նկարահանում եմ այն մարդկանց համար, ովքեր սիրում են տարբերվող պատմություններ»:

Խոսելով դերասանների հետ իր աշխատանքի մասին` նա նշում է.

«Յուրաքանչյուր դերասան տարբեր է, պետք է հասկանաս` ինչպես աշխատես յուրաքանչյուրի հետ: Պետք է այնպես անես, որ դերասանը բացի իր սիրտն ու հավատա իր սեփական խաղին: Ռասել Քրոուն, օրինակ, հրաշալի դերասան է: Նա, նույնիսկ, մեկ աչքով կարող է այնքան շատ էմոցիա փոխանցել»:

Ինչ վերաբերում է Հայաստան կատարած իր այցին` չնայած աթեիստ լինելուն` Արոնոֆսկին հիասքանչ է զգում առաջին քրիստոնյա երկրում:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ հյուրընկալել է Հայաստանը: Դեռ հիմնականում ճանապարհներին եմ եղել, բայց հուսով եմ` վաղը կկարողանամ բացահայտել Հայաստանը եւ ոգեշնչվել»,-եզրափակեց ռեժիսորը` չբացառելով, որ մի օր, միգուցե, այստեղ էլ ֆիլմ նկարահանի:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE