«Միսս հայուհի» մրցույթի մասնակից Հռիփսիմե Սարգսյանը՝ Այշվարիա Ռայի հետ հանդիպման ու Fashion TV-ի հետ աշխատելու մասին

20:04   11 հուլիսի, 2018

Օրեր առաջ Հայաստանն անցկացրեց «Միսս հայուհի» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց 24-ամյա Արենա Զեյնալյանը, որը Հայաստանը կներկայացնի «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում։ Երեկոյի ընթացքում աչքի ընկան նաեւ շատ ուրիշ աղջիկներ, որոնցից մեկը 5-րդ մրցանակին արժանացած Հռիփսիմե Սարգսյանն է։ 23-ամյա գեղեկուհին մոդելային աշխատանքով զբաղվում է 17 տարեկանից.

«Ինձ շատ է դուր գալիս այս գործը, բայց միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ այն ժամանակավոր բնույթ է կրելու»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ Հռիփսիմեն։

Հռիփսիմեն մասնագիտությամբ լրագրող-հաղորդավարուհի է, սիրում է  զբաղվել սպորտով, ընթերցանությամբ, այժմ նաեւ՝ երաժշտությամբ: Ունի եւս մեկ հետաքրքիր նախասիրություն՝ հավաքում է մշակութային արժեք ունեցող հուշանվերներ: Իսկ ազատ ժամանակ զբաղվում է լուսանկարչությամբ:

Պարզվում է՝ մոդելը մեկ անգամ չէ, որ հայտնվել է նաեւ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին՝ որպես հաղորդավրուհի։

Իր մասին մյուս հետաքրքիր մանրամասներով Հռիփսիմեն կիսվել է NEWS.am STYLE-ի հետ.

«Ոչ մի գրամ եռանդ եւ ուժ չէի խնայել, որպեսզի հայտնվեի լավագույն հնգյակում»,-խոսելով «Միսս հայուհի» մրցույթում իր մասնակցության մասին՝ նշեց նա՝ հավելելով.

«Մասնակցել էի միջազգային գեղեցկության ութ մրցույթների, որոնց ժամանակ ձեռք էի բերել բավականին փորձ եւ հմտություն այս բնագավառում եւ երբ տեղեկացա, որ մեզ մոտ նույնպես լինելու է ազգային գեղեցկության մրցույթ, ցանկացա իմ ուժերն այստեղ էլ փորձել: Մեկ տարի է, ինչ նախապատրաստվել էի մրցույթին, ուշադրություն էի դարձրել մոդելային քայլքին (դեֆիլեին), բեմական խոսքին, հագուստներին, դիմահարդարմանը, նաեւ տաղանդի մրցույթի համար սովորել էի նվագել հայկական քանոն»:

Անդրադառնալով մրցույթի մյուս մասնակիցներին՝ Հռիփսիմեն նշեց.

«Բոլոր գեղեցկուհիների հետ հասցրել եմ շփվել, բայց ընկերացել եմ մի քանիսի հետ: Ընկերությունն, այո, վստահորեն կարող եմ ասել, որ ամենաթանկ նվերը եղավ այս ամենում: Կար թույլ արտահայտված մրցակցություն»:

Մոդելն ասում է՝ չի բացառվում, որ էլի կմասնակցի գեղեցկության մրցույթների.

«Իհարկե, կմասնակցեմ, քանի որ սա մեծ դպրոց է եղել, եւ շարունակում լինել ինձ համար: Սա մի հարթակ է, որտեղ յուրաքանչյուրին բախտ չի վիճակվում հայտնվել, զարգացնել աշխարհայացքը, տեսնել աշխարհը այլ գույներով»:

Հռիփսիմեի հետ զրուցեցինք նաեւ Կաննի փառատոնին իր մասնակցության մասին.

«Մեկնել էի Չինաստան մասնակցելու Miss World Peace ամենամյա միջազգային գեղեցկության մրցույթին, որի ժամանակ էլ ստացա հրավեր աշխատելու FilmAwards TV օնլայն ալիքի համար՝ որպես հաղորդավարուհի եւ մոդել: Այժմ նաեւ համագործակցում եմ Fashion TV-ի հետ: Արդեն երրորդ տարին է, որ ներկա եմ գտնվում Կաննի միջազգային կինոփառատոնին:

Աշխատանքի բերումով հանդիպել եմ շատ աստղերի, բայց ամենատպավորիչը հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայի հետ հանդիպումն էր, քանի որ ինձ հաճախ են արտաքնապես նմանեցնում նրան»,-անկեղծանում է Հռիփսիմեն, որի երազանքները գեղեցկության մրցույթներով եւ միջազգային փառատոններով չեն սահմանափակվում.

«Երազում եմ շատ ճանապարհորդել, տեսնել նորը, ծանոթանալ մարդկանց հետ, կիսվել մշակույթով»,-ասում է գեղեցկուհին։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Հռիփսիմե Սարգսյանը

 



© NEWS.am STYLE