Քիմ Քարդաշյանի քույրը սկանդալի կենտրոնում է հայտնվել Forbes ամսագրի պատճառով

10:15   12 հուլիսի, 2018

Հասկանում ենք, որ Անգլիա-Խորվաթիա հանդիպումից հետո մենք հիմա հաստատ Քարդաշյան- Ջեններ գերդաստանի հավեսը չունենք, բայցևայնպես։ Երեկ հայտնի է դարձել, որ Forbes հեղինակավոր ամսագիրը որոշել է ոչ միայն իր շապիկին պատկերել Քիմ Քարդաշյանի 20-ամյա քրոջ՝ Քայլի Ջեններին, այլև նրա անունը ընդգրկել ինքնուրույն հարստացած կին միլիոնատերների ցուցակում։ Վարկանիշում տեղ են գտել 60 կին, ի դեպ այնտեղ կա նաև Քիմ Քարդաշյանի անունը, որը 54-րդ տեղն է զբաղեցրել։ Ըստ ամսագրի՝ հայուհու KKW Beauty ապրանքանիշը Քիմին 350 միլիոն դոլար է բերել։

Իսկ ահա Քայլի Ջենները ընդամենը երկու տարի առաջ է ստեղծել իր Kylie Cosmetics ապրանքանիշը։ Ու հիմա Քայլին վարկանիշի 26-րդ տեղում է, ու պարբերականը աղջկան ճանաչել է պատմության մեջ ամենաերիտասարդ կին միլիոնատեր։

Սակայն օգտատերերը քննադատել են ամսագրին՝ մեղադրելով նրանց երեսպաշտության մեջ։ Բանն այն է, որ Քայլին չէր կարողանա որևէ բանի հասնել առանց Քիմի ու ամբողջ ընտանիքի օգնության, որոնք արդեն իսկ միլիոնատերեր էին ու միլիոններ են ներդրել Քայլիի ու նրա արտադրանքի մեջ։

Ու մինչ Քայլին ամսագրին տված հարցազրույցում հայտնում է, որ ինքը կցանկանար, որ իր միլիոնները մի օր ժառանգեր իր դուստրը՝ Սթորմին (ընտանիքի մայր Քրիս Ջեներն էլ իր հերթին է ուզում վաճառել դստեր կոսմետիկ ապրանքանիշը՝ դրա շուկայական արժեքը 900 մլն դոլար է), համացանցում ծաղրում են ամսագրի ընտրությունը։ Մի օգտատեր նույնիսկ առցանց բառարանից տեղեկանք է ուղարկել պարբերականին, որտեղ բացատրում է self-made բառի նշանակությունը (սեփական ջանքերով)։

«Self- made նշանակում է ինչ-որ բանի հասնել առանց ուրիշների օգնության»,- գրում է օգտատերերից մեկը։

«Դուք լրջորեն կարծո՞ւմ եք, թե Քայլին ինքնուրո՞ւյն է հասել այդ ամենին։ Իսկ պատահաբար նրա ծնողները ու քույրերը միլիոնատերեր չե՞ն»,- գրում է մեկ այլ օգտատեր։

«Քայլին Օփրա Ուինֆրի չէ»,- հայտնում է մեկ այլ օգտատեր։

«Ի՞նչ հիմարություն է, ամեն անգամ, երբ լսում եմ, որ Քայլին ինքնուրույն է ամեն ինչին հասել, ուզում եմ որևէ բան կոտրել»,- գրում է մեկ այլ օգտատեր։

«Ասել, որ Քայլի Ջենները իր ջանքերով հարստացած միլիոնատեր է, նույնն է , ինչ բացես արդեն պատրաստի ապուրով պահածոն  ու պարզապես տաքացնես այն՝ համարելով, որ ինքնուրույն ես ճաշ եփել»,- գրել է մեկ այլ օգտատեր։



© NEWS.am STYLE