Ալեքսիս Օհանյանի մանկության լուսանկարն ու հուզիչ պատմությունն իր հոր մասին

19:25   12 հուլիսի, 2018

Reddit ու  Initialized Capital կայքի հիմնադիրը, ամերիկահայ ինտերնետ գործարար Ալեքսիս Օհանյանը վերջերս կարճատեւ այցով Հայաստանում էր: Թերեւս, մոտ լինելով իր արմատներին, տպավորվելով հայաստանյան միջավայրից, նրա հուշերը սովորականից ավելի են պայծառացել:

Ալեքսիսը Instagram-ում մանկության լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը ստվարաթղթե գնացքի մեջ է եւ առյուծի հանդերձանքով:

Նա մեկնաբանել է լուսանկարը՝ դրան կից գրելով. «Իմ ընտանիքը այն ժամանակ գումար էր խնայում խաղալիքներս, կոստյումներս ստվարաթղթից պատրաստելով: Այդ ստվարաթղթերը նրանք խանութներից էին վերցնում: Այս լուսանկարում ես հպարտորեն ցույց եմ տալիս առյուծի հանդերձանքս ստվարաթղթե գնացքի միջից  (Երեւի «Դամբո» մուլտֆիլմի գնացքն է): Իմ դիզայներական հմտությունները ես ցույց էի տվել ստվարաթղթի վրա նկարելով:  Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես մտքում պահել եմ այս գնացքի պատրանքը, որը, անկեղծ ասած, ավելի լավ տեսք ուներ, քան իրական գնացքը: Նույնիսկ հայրիկս էր «գրողը տանի» հայացքով նայում դրան»:



Այնուհետեւ, խոսելով իր հայրիկի՝  Քրիս Օհանյանի մասին, Ալեքսիսը հավելել է. «Մանկության տարիներին ես գիտեի միայն այն, ինչ գիտեի՝ ես ունեի հայրիկ, ով չէր խնայում ժամանակ, ստեղծարարություն ու մի քանի ստվարաթղթե արկղ՝ այդպիսի բաներ ինձ համար պատրաստելիս: Ես հրաշալի գնացք ունեի ու պարզապես երջանիկ էի»:

Զուգահեռներ անցկացնելով անցյալի ու ներկայի միջեւ, Ալեքսիսը նշել է. «Հիմա ես նայում եմ՝ ինչպես է երեխաս խաղում նվերների տուփերի հետ, որոնք երբեմն ավելի հետաքրքիր են, քան հենց նվերը: Ես չեմ համբերում, թե երբ եմ նրա հետ ստվարաթղթե տուփեր հավաքելու ու հրթիռ պատրաստելու, որ իմ աղջիկը լինի փոքրիկ առյուծ-տիեզերագնաց»:



© NEWS.am STYLE