«Դուք հաստատ կձանձրանաք ինձ դիտելով, բայց ես չեմ պատրաստվում թոշակի անցնել». Հարիսոն Ֆորդը դարձավ 76 տարեկան

16:34   13 հուլիսի, 2018

Ամերիկացի հայտնի դերասան, «Ինդիանա Ջոնս» եւ «Աստղային պատերազմներ» ֆիլմերից ճանաչում ձեռք բերած աստղ Հարիսոն Ֆորդն այսօր՝ հուլիսի 13-ին, նշում է ծննդյան 76-ամյակը:

Միգուցե, չհավատաք, բայց ճանաչված դերասանին կարիերայի սկզբնական շրջանում անհաջողակ էին համարում: Նրա հանդեպ թերահավատությունը մեծացավ, երբ Zabriskie Point ֆիլմում նրա մասնակցությամ բոլոր տեսարանները մոնտաժվեցին՝ չափից դուրս անտաղանդ խաղի պատճառով: Բայց այսօր Հարիսոնը Հոլիվուդի ամենասիրված եւ պահանջված դերասաններից է: Նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերն էլ համաշխարհային ճանաչում են ունենում, ինչը մեծամասամբ պայմանավորված է նաեւ դերասանի համոզիչ խաղով:

Հայտնի դերասանի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Հեծանիվներն ու ինքնաթիռները նախատեսված չեն արագության եւ զվարճանքի համար: Դրանք խաղալիքներ են, բայց լուրջ խաղալիքներ»:

«Մենք բոլորս էլ կյանքում ունենում ենք մեծ փոփոխություններ, որոնք կոչվում են երկրոդ հնարավորություն»:

«Ինձ համար հաջողությունն ընտրություն է եւ հնարավորություն»:

«Ես նոստալգիայի գիրկը չեմ ընկնում: Դա ինձ հատուկ չէ: Ես, պարզապես, ապրում եմ տվյալ պահով»:

«Եթե ուզում եք, որ գիտակցեմ, որ արդեն ծերանում եմ, ուրեմն՝ այդպես էլ կանեմ»:

«Եթե ես լուրջ մարդ լինեի, հիմա իսկական աշխատանք կունենայի»:

«Դուք հաստատ կձանձրանաք ինձ դիտելով, բայց ես չեմ պատրաստվում անցնել թոշակի»:

«Ես բարկանում եմ, երբ մարդիկ ասում են, թե ես էքշն ժանրի աստղ եմ: «Ինդիանա Ջոնսը» արկածային ֆիլմ է, կատակերգական պատմություն, երեւակայություն…»:

«Ես միշտ էլ վերեւից մի քիչ ցած եմ եղել, դրա համար էլ չեմ վախեցել վայր ընկնելուց»:

Լուսանկարները՝ Junko Kimura/Getty, Hollywoodreporter.com



© NEWS.am STYLE