Շակիրան Լիբանանում այցելել է այն գյուղը, որտեղ իր տատիկն է ապրել

17:10   14 հուլիսի, 2018
Եթե դուք Շակիրայի երկրպագու եք կամ երկրպագուհի, ապա պետք է իմանաք, որ Շակիրայի ամբողջական անունը Իզաբել Մեբարակ Ռիպոլ է։
 
Շակիրայի մայրը իսպանական ու իտալական արմատներ ունի, իսկ հայրը՝ լիբանանյան։
 
41-ամյա երգչուհին այցելել է Լիբանան, որտեղ մասնակցել է Cedars 2018 երաժշտական փառատոնին։
 
Բայց միջոցառմանը ելույթ ունենալուց բացի՝ Շակիրային հաճելի անակնկալ էր սպասում․ Լիբանանը հայտնի է իր մայրի ծառերով, և ահա լիբանանյան իշխանությունները մայրի ծառերի արգելոցի պուրակներից մեկը Շակիրայի անունով են կոչել։ Շակիրան մասնակցել է մայրի ծառերի տնկման արարողությանը, իսկ իշխանությունների ներկայացուցիչները նրան ցույց են տվել նրա անունով ցուցանակը, որն այսուհետ տեղադրված է լինելու պուրակի մուտքի մոտ, որտեղ երգչուհին ծառեր է տնկել։
 
Բայց ամենակարևորն այն է, որ Շակիրան այցելել է Տաննուրին գյուղը, որտեղ ապրում էր հայրական գծով նրա տատիկը։
 
Ի դեպ, սա Շակիրայի արդեն երրորդ այցելությունն է երկիր. 2003-ին երգչուհին արդեն այցելել էր Լիբանան, իսկ 2011-ին համերգ էր տվել այնտեղ։
 
Ի դեպ, Շակիրայի վեցերորդ համաշխարհային շրջագայությունը հունիսի 3-ին է մեկնարկելու Համբուրգից: Նա ծրագրում է համերգներ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում։ Շրջագայությունը ավարտվելու է նոյեմբերի 3-ին՝ Բոգոտայում ծրագրված համերգով։
 
Աղբյուրը՝ Daily Mail
 
Լուսանկարները՝ AFP, Getty, EPA, Reuters


© NEWS.am STYLE