«Սա անվճար ջրի երկիրն է». հայտնի բլոգեր Nas Daily-ի տեսանյութը հայաստանյան «պուլպուլակների» մասին

13:05   17 հուլիսի, 2018

NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, որ հայտնի բլոգեր Nas Daily-ն Հայաստանում է, որտեղ պատրաստվում է նկարահանել իր «1 րոպե» կոչվող տեսանյութերի շարքը:

Ինչպես երեկ բլոգերը խոստացավ իր հետ հանդիպման եկած հայերին՝ իր բլոգում անպայման տեղ են գտնելու այստեղի ցայտաղբյուրները՝ ինչպես ինքը նշեց ավելի հայտնի տարբերակով՝ պուլպուլակները: Այսպիսով, բլոգերն իր խոսքը պահեց. Nas Daily-ի առաջին 1 րոպեանոց տեսանյութը Հայաստանի պուլպուլակների մասին է.

«Այն, ինչ դուք տեսնում եք, կոչվում է ցայտաղբյուր: Գիտեմ՝ առաջին հայացքից չեք հասկանա՝ ինչ նկատի ունեմ, բայց հավատացած եղեք՝ արժի ժամանակ տրամադրել եւ իմանալ, թե ինչ է սա, որովհետեւ այս ցայտաղբյուրը հարյուրավորներից մեկն է այս երկրում, որի անունն է Հայաստան: Մարդիկ կառուցում են այս ցայտաղբյուրները, եւ այստեղ դուք ստիպված չեք լինում ջուր գնել, այստեղ կարիք չկա պլաստիկ շշերի վրա գումար ծախսել, եւ բոլորը ջրով հագեցած են լինում՝ թե մարդիկ, թե կենդանիները: Պարզապես քայլում ես, ջուր խմում եւ հեռանում: Սա անվճար ջրի երկիրն է: Հայերն այս ցայտաղբյուրներն անվանում են «պուլպուլակ», իսկ ես իմ լեզվով սա անվանում եմ հրաշալի մի համակարգ, որն օգնում է կրճատել պլաստիկ շշերի օգտագործումը»,-իր տեսանյութում պատմում է բլոգերը, որը նշել էր, որ հայաստանյան թեմաների մեջ անպայման անդրադառնալու է նաեւ Թավշյա հեղափոխությանը, շախմատին, կրոնին եւ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Իրան սահմաններին:

Տեսանյութը՝ Nas Daily-ի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE