Արմեն Սարգսյանը, Լեւոն Արոնյանն ու շախմատը՝ հայտնի բլոգեր Nas Daily-ի՝ Հայաստանի մասին պատմող տեսանյութում

12:25   18 հուլիսի, 2018

Հայտնի բլոգեր Nas Daily-ի հայաստանյան արկածները շարունակվում են: Բլոգերն օրերս Երեւան է ժամանել եւ այստեղ պատրաստվում է նկարահանել իր հայտնի՝ 1 Minute տեսանյութերի շարքը: Նրա առաջին անդրադարձը հայաստանյան «պուլպուլակների» մասին էր, իսկ այսօր Nas-ը ոգեւորությամբ ներկայացրել է Հայաստանում շախմատի դերը եւ զարմանքով ու հիացմունքով անդրադարձել այն փաստին, որ այստեղ երեխաները դպրոցական տարիքից սովորում են շախմատ խաղալ: Բլոգերի պատրաստած տեսանյութում կտեսնեք նաեւ հայտնի գրոսմայստեր Լեւոն Արոնյանին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:)

«Բոլորն էլ գիտեն, որ երեխաները դա շատ արագ են սովորում, եւ ինչ էլ սովորում են՝ ամբողջ կյանքում պահում են իրենց ուղեղում: Ես ապշած էի, երբ իմացա, որ Հայաստանում մաթեմատիկայից եւ այլ գիտություններից բացի երեխաները նաեւ շախմատ են սովորում: Այստեղ բոլոր երեխաներն են սովորում շախմատ՝ դպրոցներում կամ հատուկ դասարաններում: Այն սովորեցնում է նրանց կենտրոնանալ եւ զարգացնել ինքնաճանաչողական հմտությունները: Այսպիսով՝ նրանք մեծանում են ու դառնում գրոսմայստերներ, ինչպիսին, օրինակ, Լեւոն Արոնյանն է: Հայաստանը շախմատի գիտելիքների առումով աշխարհում առաջատար երկրներից է: Սակայն խոսքն այնքան շախմատի մասին չէ, որքան երեխաների դաստիարակության: Եթե մենք նրանց սվորեցնենք կարգ ու կանոնին եւ կենտրոնացմանը, աշխարում բոլոր մարդիկ մեծ վարպետներ կլինեն»,-ասում է բլոգերը:

Instagram-ի իր էջում նա նաեւ անդրադարձել է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը: Nas-ը Արմեն Սարգսյանի հետ լուսանկար է տեղադրել, որին կից գրել է.

«Շատ քաղաքական գործիչներ միայն քաղաքականությունից են խոսում, բայց ՀՀ նախագահն այնքան զարմանահրաշ մարդ է, նա նախընտրեց դրա փոխարեն կատակել եւ 20 տարվա հնության հայկական կոնյակ վայելել: Հրաշալի տպավորություններ ունեմ: Շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար, պարոն նախագահ»:

Տեսանյութը՝ Nas Daily-ի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE