Երկար պայքարից հետո մայրն ընդունել է իր 11-ամյա որդու՝ Drag queen լինելու ցանկությունը

14:25   19 հուլիսի, 2018

Լորեն Նոկայի որդին՝ Լեոն, որն արդեն 11 տարեկան է, դեռեւս շատ փոքր տարիքից հետաքրքրված է եղել կանացի հագուստով եւ դիմահարդարմամբ: Սկզբնական շրջանում մայրը կարծել է, որ որդին պարզապես շատ կապված է իր հետ եւ ցանկանում է կրկնօրինակել մայրիկի տեսքը, սակայն ավելի ուշ նա հասկանում է, որ որդու տարվածությունն իրականում ավելի լուրջ հիմքեր ունի:

«Երբ տղաս 5 տարեկան էր, ես հասկացա, որ կանացի աքսեսուարների հանդեպ նրա սերն իրականում ավելի լուրջ է: Իմ ընկերուհին՝ Գեմման, կոշիկների սիրահար է եւ մեծ հավաքածու ունի: Երբ նրան հյուր էինք գնում, Լեոն նրան անընդհատ խնդրում էր, որ թույլ տա կրել իր բարձրակրունկները: Այնուհետեւ նրա հետաքրքրքասիրությունն այնքան մեծացավ, որ նա ցանկություն հայտնեց կրելու նաեւ կանացի զգեստներ: Երբ նրան արգելում էի այդպես անել, նա զարմացած հարցնում էր՝ բայց ինչո՞ւ չի կարելի այդ զգեստները հագնել: Ես էլ, ուղղակի, բարկանում էի եւ ասում, որ հանկարծ դիմահարդարումով տանից դուրս չգա: Ես հաճախ ինքս ինձ էի մեղադրում՝ կարծելով, որ, միգուցե, իմ ազդեցությունն է նրա վրա մեծ եղել: Ես միշտ սիրել եմ հետեւել Բեյոնսեին եւ Ռիհաննային: Իսկ Լեոն մինչեւ 3 տարեկան առանց հայր է մեծացել: Նա 3 տարեկան էր, երբ ես հանդիպեցի իմ բոյֆրենդին եւ նրա կյանքում հայտնվեց նաեւ տղամարդու դաստիարակությունը»,-Mirror-ի հետ զրույցում պատմել է երեխայի մայրը՝ հավելելով, որ կար ժամանակ, երբ փորձել է նրա պահարանից վերացնել կանացի ցանկացած աքսեսուար, սակայն հասկացել է, որ այդպես ավելի է բարդացնում փոքրիկ տղայի կյանքը:

Ավել ուշ Լորենը հայտնաբերել է, որ որդին իր iPod-ով հաճախ դիտում էր Drag queen հեռուստաշոուն, եւ, նույնիսկ, մայրիկի արգելքներից հետո Լեոն չդադարեց մտածել այդ շոուի մասին:

Այժմ նա դպրոցական է, Instagram-ում ունի իր բլոգը, որտեղ հանդես է գալիս Violet Vixen անվամբ, եւ որը վարում է մայրիկի օգնությամբ: Հասկանալով, որ տղային չի կարողանում ետ պահել կնոջ նմանվելու կախվածությունից՝ Լորենը որոշում է ոչ թե արգելքներ դնել տղայի առաջ, այլ աջակցել նրան՝ շատ լավ իմանալով, որ առանց այն էլ նրա կյանքը հեշտ չի լինելու մարդկանց հայացքների եւ խոսակցությունների պատճառով:

Ինքը՝ Լեոն, եւս հասցրել է գիտակցել, թե ինչ դժվարություններ են իրեն սպասվում առջեւում, բայց սեփական ես-ից հրաժարվել չի պատրաստվում: Ասում է՝ թե դպրոցում, թե Instagram-ում հասցրել է արդեն բախվել վատ խոսակցությունների եւ վերաբերմունքի, սակայն ապրել ուրիշի կյանքով չի ցանկանում:

«Ապագայում ցանկանում եմ տեղափոխվել ԱՄՆ եւ մասնակցել drag շոուների: Կյանքն ինձ համար ավելի հետաքրքիր է, քանի որ ես յուրահատուկ անհատականություն ունեմ»,-ասել է տղան:

Աղբյուրը՝ Mirror.co.uk

Լուսանկարները՝ Violet Vixen-ի Instagram-ից



© NEWS.am STYLE