«Հայաստանի ամենահայտնի անվաչմշկորդը, որը երբեք չի ծերանա». Nas Daily-ի նոր տեսանյութը՝ Երեւանից

13:24   19 հուլիսի, 2018

Հայաստանի պուլպուլակների եւ շախմատի մասին տեսանյութերն այս օրերին ողողում են տեղական համացանցը, իսկ Nas Daily-ն շարունակում է իր հետեւորդների համար բացահայտել Հայաստանն ու այստեղի հետաքրքրությունները: Բլոգերին բնականաբար անտարբեր չի թողել նաեւ հայտնի անվաչմշկորդ Լեւոնի պատմությունը: Նա անդրադարձել է 65-ամյա մեր հայրենակցին՝ նշելով, որ նա երբեք չի ծերանա.

«Ծանոթացեք՝ Լեւոնն է, որը պնդում է՝ «Ես երբեք չեմ մահանալու»: Բայց նրա տեսքից դատելով՝ այդպես չես ասի: Նա 65 տարեկան է, արդեն թոշակի է անցել, միայնակ ապրում է փոքրիկ բնակարանում՝ սպասելով իր վերջին օրվան: Բայց… այս տղամարդն, անկախ իր տարիքից, Հայաստանի ամենահայտնի անվաչմշկորդն է, եւ նա հիմնականում չմուշկներով շրջում է փողոցներում: Չփորձեք երբեք այդպես անել… Նա ոչ ոքից չի վախենում, նույնիսկ, ոստիկաններից: Թվում է՝ նրան մարդիկ չեն սիրի այդ բնավորության համար, բայց հակառակը՝ մարդիկ նրան սիրում են, եւ ինչպես ինքն է ասում՝ ոստիկաններն էլ իր ընկերներն են: Հենց այս որակն է Լեւոնին դարձնում հավերժ երիտասարդ»,-նշում է բլոգերն իր 1 Minute հերթական հոլովակում:

Ի դեպ, Nas-ն Instagram-ում էլ շարունակում է կիսվել հայաստանյան տպավորություններով: Նա արդեն հասցրել է լինել շուկայում եւ հիանալ մեր մրգերի ախորժալի տեսքով: Իր միկրոբլոգում բլոգերը նոր լուսանկար է հրապարակել եւ գրել. «Սա միրգ վաճառելու լավագույն տարբերակն է, որը ես երբեւէ տեսել եմ. դա ինձ այնքան ուրախացրեց, անգամ, երբ միրգն իրենով այդքան էլ համեղ չէր»:

Տեսանյութը՝ Nas Daily-ի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE