«Երբեմն հուսահատվում ես եւ ուզում թողնել ամեն ինչ». Աստղիկ Սաֆարյանը` Փարիզում նկարահանված նոր տեսահոլովակի մասին

13:24   21 հուլիսի, 2018

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը չի դադարում երաժշտական ակտիվ գործունեությունը: Այսօր երգչուհին երկրպագուների դատին հանձնեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Դու ուժեղ ես» երգի հիման վրա: Աստղիկը NEWS.am STYLE-ին տրամադրել է հետաքրքիր կադրեր Ֆրանսիայում նկարահանված իր տեսահոլովակից ու կիսվել երգի ընտրության եւ նկարաանումների մանրամասներով.

«Երգը նոր է, այն դեռ ներառված չէ որեւէ ձայնասկավառակիս մեջ։ Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը ինքս եմ, գործիքավորումը արվել է STUDIOINA-ի կողմից։

Տեսահոլովակը նկարահանվել է Փարիզում, ֆրանսահայ ռեժիսոր Քրիստիան Աջեմյանի հետ, որի հեղինակած ֆիլմերի մեծ մասը ներկայացվել են Կաննի կինո փառատոնին։ Նկարահանումները իրականացրել ենք մեկ ամբողջ օր՝ սկսելով վաղ առավոտյան, ավարտել ենք ուշ երեկոյան ։ Նկարահանումներն արվել են Փարիզի կենտրոնում, «Ալեքսանդր III» -ի կամրջի վրա, Սենա գետի շրջակայքում, Էյֆելյան աշտարակի շրջակայքում, Փարիզի «Գրանդ Օպերայի» առջեւ, ինչպես նաեւ նկարահանումներ ունեցանք Փարիզից դուրս, սակայն արդյունքում շատ կադրեր եւ տեսարաններ չօգտագործեցինք, որպեսզի պահպանենք մեր ուզած մինիմալիզմը։ Եվ արդյունքում ստացվեց շատ գեղեցիկ, դինամիկ, գունեղ, դասական, հաճելի տրամադրությամբ տեսահոլովակ»։

Երգչուհու խոսքով՝ տեսահոլովակի հիմնական գաղափարը անհատի հոգու ուժը ներկայացնելն է, նրա հպարտ ու ազատ հոգեվիճակը ցուցադրելը.

«Երգը հոգեպես ուժեղ լինելու մասին է, երբ մեր կյանքում փորձում ենք ու չի ստացվում, երբ պայքարում ենք, բայց չենք հասնում մեր ուզած արդյունքին, երբ փնտրում ես քո սերը, բայց չես գտնում եւ երբ հոգնում ես բոլոր այս մեծ ու փոքր պայքարներից, երբեմն գալիս է մի պահ, երբ հուսահատվում ես եւ անգամ ուզում թողնել ամեն ինչ, հետ կանգնել քո բռնած ուղղուց, բայց այստեղ օգնության է գալիս գերբնական մի ներքին Ուժ, որը ստիպում է քեզ չվհատվել և չհուսահատվել։ Երգն էլ հենց այդ Ուժի մասին է, որ խորհուրդ է տալիս՝ «երբեք մի դիր վերջակետ. եթե արդեն անցնում ես ստեղծված իրավիճակի միջով, ուրեմն արդեն քո մեջ ունես պայքարողի հզոր Ուժ, եւ ուրեմն՝ պետք է վստահես ինքդ քեզ եւ հավատաս քո Ես-ին ու նրան, որ դու Ուժեղ ես անկախ ամեն ինչից»»,-ասում է Աստղիկը:

Հարցին, թե ինչով է իր նոր տեսահոլովակը տարբերվելու հայկական շոու-բինեսում առկա մյուս տեսահոլովակներից՝ Աստղիկը պատասխանեց.

«Երգն ու տեսահոլովակն արդեն տարբեր են իրենց տեսակով , երգը շատ անգամներ եմ կատարել իմ համերգների եւ տարբեր ելույթների ժամանակ, եւ այն արդեն հասցրել է սիրվել, հուսամ, որ տեսահոլովակն էլ նույնքան կսիրվի, որքան սիրվել է երգը։

Ցանկությունս մեկն է՝ փոխանցել մարդկանց երգի գլխավոր խորհուրդը, որ մարդիկ կյանքի ամեն փուլում հանդիպած խոչընդոտներից եւ արգելքներից չհուսահատվեն, և հավատան որ յուրաքանչյուր մարդ էլ կարող է իր մեջ Ներքին ուժ գտնել ու շարունակել պայքարել անկախ ամեն ինչից»։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE